Ապրանքների ծագման երկրի վերաբերյալ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 1-ից 5-րդ կետերի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում կիրառվում են Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու միասնական կանոնները: Մաքսասակագնային կարգավորման միջոցներ կիրառելու (բացառությամբ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման), ոչ սակագնային կարգավորման և շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու, ապրանքների ծագումը դրոշմավորելուն ներկայացվող պահանջներ սահմանելու, պետական (մունիցիպալ) գնումներ իրականացնելու, ապրանքների արտաքին առևտրի վիճակագրություն վարելու նպատակներով կիրառվում են Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններ (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) կանոններ), որոնք սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից (Հանձնաժողովի խորհրդի 13.07.2018թ. N 49 որոշում): Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակով կիրառվում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններ, որոնք հաստատվում են Հանձնաժողովի կողմից (Հանձնաժողովի խորհրդի 14.08.2018թ. N 60 որոշում): Միության տարածք այնպիսի պետություններից ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակներով, որոնց հետ առևտրատնտեսական հարաբերություններում Միության կողմից կիրառվում է ազատ առևտրի ռեժիմը, կիրառվում են ապրանքների ծագումը որոշելու այն կանոնները, որոնք հաստատվում են երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության՝ ազատ առևտրի ռեժիմի կիրառումը նախատեսող համապատասխան միջազգային պայմանագրով: Եթե երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության՝ ազատ առևտրի ռեժիմի կիրառումը նախատեսող միջազգային պայմանագրով սահմանված չեն ապրանքի ծագումը որոշելու կանոններ, կամ դրանք ընդունված չեն այդպիսի պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ, ապա Միության տարածք ներմուծվող՝ այդ երկրի ծագման ապրանքների նկատմամբ, մինչև ապրանքների ծագումը որոշելու համապատասխան կանոնների ընդունումը, կիրառվում են ապրանքների ծագումը որոշելու՝ նույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնները: 
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 28-րդ հոդվածի համաձայն՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման որոշումն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան նախատեսված՝ ապրանքների ծագումը որոշելու նպատակով և կանոններով: Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված կանոններով, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով, երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով կամ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով այլ կանոններ սահմանված չեն:
Օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի համաձայն՝ ապրանքների ծագումը հավաստվում է բոլոր այն դեպքերում, երբ մաքսասակագնային կարգավորման միջոցների, արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառումը կախված է ապրանքների ծագումից՝ բացառությամբ նույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի: Ապրանքի ծագման մասին փաստաթուղթը ապրանքի ծագման հայտարարագիրը կամ ապրանքի ծագման հավաստագիրն է: Ապրանքի ծագումը հավաստվում է ապրանքի ծագման հայտարարագրով կամ ապրանքի ծագման հավաստագրով՝ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան:
Օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքի ծագման հայտարարագիրը՝ առևտրային կամ ցանկացած այլ փաստաթուղթ է, որը վերաբերում է ապրանքին և պարունակում է ապրանքի ծագման մասին ապրանքի ծագման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) կամ ապրանքի արտահանման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) պատրաստողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից հայտարարագրված տեղեկություններ: Եթե պարզվում է, որ ապրանքի ծագման մասին հայտարարագրի մեջ ապրանքի ծագման մասին հայտարարագրված տեղեկությունները հիմնված են այլ չափորոշիչների վրա, քան այն չափորոշիչները, որոնց կիրառումը սահմանված է ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով, ապա ապրանքի ծագման տվյալ հայտարարագիրը չի դիտվում որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ:
Օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքի ծագման հավաստագիրը՝ որոշակի ձևի փաստաթուղթ է, որը վկայում է ապրանքի ծագման մասին և տրամադրվել է ապրանքի ծագման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) կամ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով սահմանված դեպքերում՝ ապրանքի արտահանման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) լիազորված պետական մարմնի կամ լիազորված կազմակերպության կողմից: Ապրանքի ծագման հավաստագրի, այդ թվում՝ այն ձևակերպելու և (կամ) լրացնելու կարգի նկատմամբ պահանջները սահմանվում են ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով: Եթե ապրանքի ծագման հավաստագրի մեջ ապրանքի ծագման մասին տեղեկությունները հիմնված են այլ չափորոշիչների վրա, քան այն չափորոշիչները, որոնց կիրառումը սահմանված է ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով, ապա ապրանքի ծագման տվյալ հավաստագիրը չի դիտվում որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ: Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման ժամանակ ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է անդամ պետությունների լիազորված պետական մարմինների կամ լիազորված կազմակերպությունների կողմից, եթե նշված հավաստագիրը պահանջվում է պայմանագրի պայմաններով, ապրանքների ներմուծման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) կանոններով կամ եթե ապրանքի ծագման հավաստագրի առկայությունը նախատեսված է արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով: Անդամ պետությունների լիազորված պետական մարմինները կամ լիազորված կազմակերպությունները, որոնք տրամադրել են ապրանքի ծագման հավաստագիր, պարտավոր են ապրանքի ծագման հավաստագիր տրամադրելու օրվանից 3 տարուց ոչ պակաս պահել դրա պատճենը և մյուս փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է ապրանքի ծագումը: Ապրանքի ծագման հավաստագիրը չի դիտվում որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ, եթե ապրանքի ծագման հավաստագիրը ձևակերպվել է այն ձևակերպելու և (կամ) լրացնելու կարգին ներկայացվող այն պահանջների խախտմամբ, որոնք սահմանվել են ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ ապրանքն ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման` համաձայն նույն օրենքի 11-րդ գլխով սահմանված չափանիշների: Անհրաժեշտության դեպքում որպես ծագման երկիր կարող է դիտվել երկրների խումբը, Մաքսային միությունը, աշխարհի կամ որևէ երկրի տարածաշրջանը: 
ՀՀ կառավարության 14.05.2015թ. N 514-Ն որոշման 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման և ապրանքներին տրամադրվող՝ արտոնյալ ծագման, այդ թվում` «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը հաստատող վկայականների կամ հավաստագրերի տրամադրման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին: Նույն որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի վկայականների և հավաստագրերի տրամադրման ընդհանուր վերահսկողությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 30.12.2010թ. N 1772-Ն որոշմամբ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=97786: