ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու հնարավորություն նախատեսող սակագնային արտոնությունները տրվում են երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) հետևյալ ապրանքների դեպքում՝
1) ապրանքներ՝ որպես օտարերկրյա հիմնադրի ներդրում կանոնադրական (պահուստային) կապիտալում (ֆոնդում)՝ այդ կապիտալի (ֆոնդի) ձևավորման համար հիմնադիր փաստաթղթերում նախատեսված ժամկետների սահմաններում։ Այդպիսի ապրանքների դեպքում սակագնային արտոնությունների կիրառման կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից.
2) ապրանքներ, որոնք ներմուծվում են տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկի համաձայն.
3) անդամ պետությունների նավերի, ինչպես նաև անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից վարձակալված (վարձված) նավերի՝ խորջրյա գոտիներում արդյունագործական ձկնորսության արտադրանք.
4) անդամ պետությունների արժույթ, երրորդ երկրների արժույթ (բացառությամբ դրամագիտական նպատակներով օգտագործվող արժույթի), ինչպես նաև արժեթղթերի արժույթ՝ անդամ պետությունների օրենսդրության համաձայն.
5) մարդասիրական օգնության շրջանակներում և (կամ) տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքները վերացնելու նպատակով ներմուծվող ապրանքներ.
6) երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների, կառավարությունների գծով բարեգործական նպատակներով ներմուծվող և (կամ) անդամ պետությունների օրենսդրություններին համապատասխան որպես անհատույց օգնություն (աջակցություն), այդ թվում՝ տեխնիկական օգնություն (աջակցություն) ճանաչվող ապրանքներ՝ բացի ենթաակցիզային ապրանքներից (բացառությամբ թեթև մարդատար մեքենաների, որոնք հատուկ նախատեսված են բժշկական նպատակների համար)։
Երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների դեպքում սակագնային արտոնություններ կարող են տրվել նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով, երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերով, Հանձնաժողովի որոշումներով սահմանված այլ դեպքերում։
Մասնավորապես, Մաքսաըին միության հանձնաժողովի 27.11.2009թ. թիվ 130 որոշման 7.1 կետով սահմանված են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված՝ ներմուծման մաքսատուրքի արտոնություններից բացի այլ արտոնություններ:
Նշյալ որոշման 7.1.11 կետի համաձայն՝ ներմուծման մաքսատուրքից ազատվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես Միության անդամ պետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումը՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան: (տես՝ ՀՀ կառավարության 17.09.2015թ. «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշումը):
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 3-րդ հավելվածի III-րդ բաժնի 41-րդ, 42-րդ, 44-րդ և 45-րդ կետերի համաձայն՝
Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունները կիրառվում են՝
1) Հայաստանի Հանրապետության այն միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնք կնքվել են մինչև 2015 թվականի հունվարի 1-ը (այդ թվում՝ այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)` նշված միջազգային պայմանագրերին համապատասխան.
2) «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն» ծրագրի իրականացման շրջանակներում` մինչև դրա ավարտը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին» 2009 թվականի հունիսի 26-ի փոխըմբռնման հուշագրին համապատասխան.
3) Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հունիսի 19-ի օրենքով հաստատված «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման շրջանակներում՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, հեծանիվների, ջրային և օդային տրանսպորտի:
2015-2025 թվականների միջև ընկած ժամանակահատվածում թույլատրվում է ներմուծման մաքսատուրքերի գանձումից ազատմամբ ներմուծել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերում ընդգրկված եղեգնաշաքարի հումքը Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար:
Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար շաքարի հումք ներմուծելու պայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում շաքար վերամշակող ձեռնարկություններին [այդպիսի հումքով] ապահովելու նպատակով ներմուծվող շաքարի հումքի նպատակային նշանակության մասին Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված հաստատման առկայությունը:
Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում է արդյունաբերական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման տարեկան ծավալների մասին` Հայաստանի Հանրապետությունում շաքարի արտադրության և սպառման՝ առաջիկա ժամանակահատվածի համար ձևավորվող հաշվեկշռին համապատասխան:
Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է, որ արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող շաքարի հումքը, ինչպես նաև վերը նշված դրույքաչափային արտոնությունների կիրառմամբ ներմուծվող շաքարի հումքից արտադրված սպիտակ շաքարը, չեն վերաուղարկվի Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներ:
Սույն կետի դրույթները հիմք չեն հանդիսանում Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից շաքարի ներմուծման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից սահմանափակվող միջոցների կիրառման համար:
Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ներմուծման մաքսատուրքերից ազատվում են`
1) ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող ապրանքները, որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն 2015-2022 թվականների ընթացքում իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների ապահովման համար և որոնց անալոգները չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում:
Ներմուծման պայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված վերջնական օգտագործողի հավաստագիրը.
2) միջազգային փոխադրումների և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքով և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքների միջև ներքին փոխադրումների համար օգտագործման նպատակներով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող քաղաքացիական ուղղաթիռները. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 11 000 1 ստորաենթադիրքում ընդգրկված քաղաքացիական ուղղաթիռները՝ 750 կգ-ից ավելի, բայց 3175 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 12 000 1 ստորաենթադիրքում ընդգրկված քաղաքացիական ուղղաթիռները` 2000 կգ-ից ավելի, բայց 5000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով և 4000 կգ-ից ավելի, բայց 10500 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 20 000 1 ստորաենթադիրքում ընդգրկված քաղաքացիական մարդատար ինքնաթիռները` 2000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով և 750 կգ-ից ավելի առավելագույն վերթիռային զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ստորաենթադիրքում ընդգրկված ինքնաթիռները՝ 60000 կգ-ից ավելի, բայց 90000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով, 120 000 կգ-ից ավելի, բայց 180 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով՝ քաղաքացիական բեռնատար միջնամայրուղային, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 7 ստորաենթադիրքում ընդգրկված ինքնաթիռները՝ 160 000 կգ-ից ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով, քաղաքացիական բեռնատար լայնաֆյուզելաժային հեռամայրուղային՝ 370 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ստորաենթադիրքերում ընդգրկված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները՝ արտադրման երկրի լիազոր մարմնի կողմից տրված տեսակի հավաստագրին համապատասխան որոշվող, ոչ պակաս, քան 110 մարդու, բայց ոչ ավելի, քան 300 մարդու համար ուղևորատեղեր ունեցող, մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, ինչպես նաև օդանավերի թռիչքային պիտանիության պահպանման համար պատասխանատու իրավասու մարմնի կողմից հաստատված՝ ուղևորների տեղավորման սխեմային (LՕPA) համապատասխան որոշվող, ոչ պակաս, քան 110 մարդու, բայց ոչ ավելի, քան 300 մարդու համար ուղևորատեղ ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքով և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքների միջև միջազգային փոխադրումների և (կամ) ներքին փոխադրումների համար օգտագործման նպատակով 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ստորաենթադիրքերում ընդգրկված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները, որոնք Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել սույն կետի հինգերորդ պարբերությունում նշված արտոնության կիրառմամբ, և որոնք Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում դրանց շահագործման ժամկետի ընթացքում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանց վերանորոգումից կամ տեխնիկական սպասարկումից հետո.
3) այն ապրանքները, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9 որոշմամբ հաստատված` երաշխիքային ժամկետի ընթացքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և դրա շահագործման նպատակներով Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկին համապատասխան:
Հայաստանի Հանրապետությունը կապահովի Պայմանագրով նշված սակագնային արտոնությունների կիրառմամբ ներմուծված ապրանքների օգտագործումը միայն իր տարածքի սահմաններում և քայլեր կձեռնարկի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ նման ապրանքների արտահանումը չթույլատրելու համար` առանց ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության վճարման:
ԱԱՀ-ից ազատվում են նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքները որոնք ներառված են 2001 թվականի հունիսի 29-ի «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» թիվ ՀՕ-195 ՀՀ օրենքով հաստատված ցանկում:
Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:
Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը (տես՝ ՀՀ կառավարության 05.10.2017թ. «Ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանելու և ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 1225-Ն որոշումը):
Ակցիզային հարկից ազատվում են հետևյալ գործարքները.
1) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարումը՝ Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթուղթը հարկային մարմին ներկայացնելու դեպքում.
3) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին.
4) «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա այն օտարերկրյա ապրանքների՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը, որոնք իրացվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց.
5) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետությունում գործող անմաքս առևտրի խանութներ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը: