Մաքսային մարմինների գործողությունները մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բացթողումը կասեցնելիս

Եթե մաքսային մարմինն այնպիսի մաքսային գործառնություններ կատարելիս, որոնք կապված են այնպիսի մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները մաքսային ընթացակարգերով ձեւակերպելու հետ, որոնք ընդգրկված են մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում, հայտնաբերում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավատիրոջ իրավունքների խախտման նշաններ, ապա այդ ապրանքների բացթողումը կասեցվում է 10 (տասը) աշխատանքային օր ժամկետով:

Իրավատիրոջ կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձի խնդրանքով այդ ժամկետը երկարաձգվում է մաքսային մարմնի կողմից, բայց ոչ ավելի, քան 10 (տասը) աշխատանքային օրով, եթե իրավատերը կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձը դիմել է լիազորված մարմիններին իրավատիրոջ իրավունքների պաշտպանության ակնկալիքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Ապրանքների բացթողման ժամկետի կասեցման եւ ապրանքների բացթողման ժամկետի կասեցման ժամկետի երկարաձգման մասին որոշումներն ընդունվում են մաքսային  մարմնի ղեկավարի (պետի) կամ նրա կողմից լիազորված անձի կողմից:

Մաքսային մարմինը, մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշումն ընդունելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ, հայտարարատուին եւ իրավատիրոջը կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձին տեղեկացնում է այդպիսի կասեցման, կասեցման պատճառների եւ ժամկետների մասին, ինչպես նաեւ հայտարարատուին հայտնում է իրավատիրոջ եւ (կամ) նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) եւ գտնվելու վայրը (հասցեն), իսկ իրավատիրոջը կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձին՝ հայտարարատուի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) եւ գտնվելու վայրը (հասցեն):

Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու ժամկետը լրանալուն պես այդ ապրանքների բացթողման ժամկետը վերականգնվում է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսային մարմին են ներկայացվում ապրանքների առգրավման, դրանց վրա արգելանք դնելու կամ բռնագրավելու մասին հավաստող փաստաթղթեր կամ այլ փաստաթղթեր՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Իրավատերը պատասխանատվություն է կրում ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու արդյունքում մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների հայտարարատուին, սեփականատիրոջը, ստացողին պատճառված գույքային վնասի (կորստի) համար, եթե իրավատիրոջ իրավունքների խախտում չի բացահայտվել:

Ապրանքների բացթողման ժամկետի կասեցման մասին որոշումը ենթակա է վերացման՝ մինչեւ ապրանքների բացթողման ժամկետի կասեցման ժամկետի լրանալը հետեւյալ դեպքերում՝

  1. իրավատիրոջ կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձի կողմից մաքսային մարմին դիմում է ներկայացվել այդ որոշումը վերացնելու վերաբերյալ.
  2. մտավոր սեփականության օբյեկտը հանվել է անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրից կամ մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրից, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի տարածքում ապրանքները ձեւակերպվում են մաքսային ընթացակարգերով.
  3. անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշումը վերացնելուց հետո այդ ապրանքների բացթողման ժամկետը վերականգնվում է:

Ապրանքների բաց թողնման կասեցման մասին տեղեկացումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, իրավատերը պարտավոր է գրավով կամ այլ երաշխիքով ապահովել ապրանքների բաց թողնումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները հատուցելու իր պարտավորությունը: Այդ չափը որոշում է ապրանքների բաց թողնումը կասեցնելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը, և պետք է հավասար լինի կասեցված ապրանքների մաքսային արժեքի հինգ տոկոսին:

Նշված գումարը ենթակա է վճարման 900008047012 հաշվի համարին: