Էություն
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔ (ԷՈՒԹՅՈՒՆԸ)
 
Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ԵՏՄ մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ գլխին համապատասխան, եթե Միության մաքսային տարածք ներմուծվելիս ապրանքները հատել են Միության մաքսային սահմանը և այդ ապրանքների նկատմամբ առաջին անգամ հայտարարագրվում է «մաքսային տարանցում», «մաքսային պահեստ», «ոչնչացում», «հրաժարում՝ հօգուտ պետության» կամ հատուկ մաքսային ընթացակարգերից տարբերվող մաքսային ընթացակարգ:

Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնին ուղղված է ապրանքների մաքսային հայտարարագրումը:

Ապրանքների մաքսային արժեքը որոշվում է այն անդամ պետության արժույթով, որտեղ վճարման են ենթակա մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը: Եթե ապրանքների մաքսային արժեքը որոշելիս պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, ապա այդպիսի վերահաշվարկը կատարվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող)՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող տարադրամի փոխարժեքով:

Ապրանքների մաքսային արժեքը որոշելը չպետք է հիմնվի ապրանքների կամայական կամ շինծու (ֆիկտիվ) մաքսային արժեք օգտագործելու վրա: Ապրանքների մաքսային արժեքը և դրա որոշմանն առնչվող տեղեկությունները պետք է հիմնվեն հավաստի, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության վրա: Ապրանքների մաքսային արժեքը որոշելու ընթացակարգերը պետք է լինեն համընդհանուր կիրառելի, այսինքն չտարբերվեն՝ կախված ապրանքների մատակարարման աղբյուրներից, այդ թվում՝ ապրանքների ծագումից, ապրանքների տեսակից, գործարքի մասնակիցներից և այլ գործոններից:

Ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կողմից, իսկ եթե մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի կողմից:

Գոյություն ունեն մաքսային արժեքի որոշման 6 մեթոդներ: Դրանք են`
  1. Ըստ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը (մեթոդ 1)
  2. Ըստ նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի գնի մեթոդը (մեթոդ 2)
  3. Ըստ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը (մեթոդ 3)
  4. Նվազեցման մեթոդը (մեթոդ 4)
  5. Գումարման մեթոդը (մեթոդ 5)
  6. Պահուստային մեթոդը (մեթոդ 6)

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի համար առավելագույն հնարավոր չափով հիմք պետք է ծառայի այդ ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը՝ (մեթոդ 1):

Ներմուծվող ապրանքների արժեքն այդ ապրանքների վերաբերյալ գործարքի գնի հիման վրա որոշելու անհնարինության դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշվում է 2-րդ և 3-րդ մեթոդներին համապատասխան, որոնք կիրառվում են ըստ հերթականության: Ընդ որում, մաքսային մարմնի և հայտարարատուի միջև կարող են անցկացվել խորհրդակցություններ՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով՝ նշյալ մեթոդներին համապատասխան արժեքային հիմքի հիմնավորված ընտրություն կատարելու նպատակով: 

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը 2-րդ և 3-րդ մեթոդներին համապատասխան որոշելու անհնարինության դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք կարող է օգտագործվել կամ այն գինը, որով գնահատվող, նույնական կամ համանման ապրանքները վաճառվել են Միության մաքսային տարածքում՝ մաքսային արժեքի որոշման 4-րդ մեթոդին համապատասխան, կամ ապրանքների հաշվարկային արժեքը՝ 5-րդ մեթոդին համապատասխան: Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս հայտարարատուն իրավունք ունի ընտրելու նշված մեթոդների կիրառման հերթականությունը:

Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հնարավոր չէ կիրառել 1-ից 5-րդ մեթոդները, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշվում է 6-րդ մեթոդին համապատասխան:

Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ դրանց մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը չի կարող որոշվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը այն գործարքի պայմաններին համապատասխան գրանցելու օրվա դրությամբ, որի համաձայն ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, բացակայում են դրա հաշվարկման համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը, թույլատրվում է հետաձգել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության որոշումը: Այդ դեպքում թույլատրվում է ապրանքների մաքսային արժեքի որոշում ու հայտարարագրում հայտարարատուի մոտ առկա փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկում՝ ելնելով ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրված նախնական մեծությունից:

Օրենսգրքի 5-րդ գլխի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ:

Ըստ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը (մեթոդ 1)

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեք է համարվում այդ ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, այսինքն՝ այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքների համար՝ դրանք Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառելիս և որը լրացվել է Օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան, հետևյալ պայմանները բավարարելու դեպքում՝
  1. գնորդի՝ ապրանքների օգտագործման և տնօրինման իրավունքների մասով սահմանափակումներ չկան՝ բացառությամբ այն սահմանափակումների, որոնք՝
    սահմանափակում են այն աշխարհագրական տարածաշրջանը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել.
    էականորեն չեն ազդում ապրանքների արժեքի վրա.
    սահմանված են Միության մարմինների ակտերով կամ անդամ պետությունների օրենսդրությամբ.
  2. ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախված չէ որևէ պայմանից կամ պարտավորությունից, որի ազդեցությունը ապրանքների գնի վրա չի կարող քանակապես որոշվել.
  3. գնորդի կողմից ապրանքները հետագայում վաճառելու, այլ կերպ տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված եկամտի կամ հասույթի ոչ մի մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի հատկացվում վաճառողին՝ բացի այն դեպքերից, երբ կարող են կատարվել լրացուցիչ հավելագրումներ.
  4. գնորդը և վաճառողը փոխկապակցված անձինք չեն, կամ գնորդը և վաճառողն այնպես են փոխկապակցված մեկը մյուսի հետ, որ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքն ընդունելի է մաքսային նպատակների համար:
Եթե վերը նշված պայմաններից թեկուզ և մեկը չի բավարարվում, ապա փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարը ընդունելի չի համարվում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար և 1-ին մեթոդը չի կիրառվում:

Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գին է համարվում այդ ապրանքների համար այն բոլոր վճարումների ընդհանուր գումարը, որոնք գնորդի կողմից կատարվել են կամ ենթակա են կատարման անմիջապես վաճառողին կամ հօգուտ վաճառողի՝ այլ անձի: Ընդ որում, վճարումները կարող են կատարվել ուղղակիորեն կամ անուղղակիորեն՝ անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը դրանց վերաբերյալ գործարքի արժեքի հիման որոշելիս՝ դրանց համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին գումարվում են հետևյալ լրացուցիչ հավելագրումները՝
  1. ծախսերը՝ այնքանով, որքանով դրանք կատարվել են կամ ենթակա են կատարման գնորդի կողմից, սակայն ներառված չեն ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ, այդ թվում՝
    ա) միջնորդների (գործակալների) և բրոքերների վարձատրությունը՝ բացառությամբ գնման համար վարձատրության, որը գնորդի կողմից վճարվում է իր գործակալին (միջնորդին)՝ ներմուծվող ապրանքների գնման կապակցությամբ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գնորդին ներկայացնելու մասով մատուցված ծառայությունների դիմաց,
    բ) տարայի հետ կապված ծախսերը, եթե մաքսային նպատակներով այն դիտարկվում է որպես ներմուծվող ապրանքների անբաժանելի մաս,
    գ) ներմուծվող ապրանքների փաթեթավորման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ փաթեթավորման նյութերի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
  2. հետևյալ այն ապրանքների և ծառայությունների՝ համապատասխան ձևով բաշխված արժեքը, որոնք գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվել են վաճառողին՝ անվճար կամ իջեցված գնով, Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների արտադրության և վաճառքի մեջ օգտագործելու համար՝ այնքանով, որքանով այն ներառված չէ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ՝
    ա) հումք, նյութեր, դետալներ, կիսաֆաբրիկատներ և այլ ապրանքներ, որոնցից արտադրված (բաղկացած) են ներմուծվող ապրանքները,
    բ) գործիքներ, դրոշմներ, կաղապարներ և նմանատիպ այլ ապրանքներ, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ,
    գ) նյութեր, որոնք սպառվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ,
    դ) Միության տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նախագծում, մշակում, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքներ, գեղարվեստական ձևավորում, դիզայն, էսքիզներ և գծագրեր.
  3. ներմուծվող ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված՝ վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասանելիք եկամտի (հասույթի) մասը.
  4. ներմուծվող ապրանքների՝ մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր, իսկ եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացրած տրանսպորտի տեսակից և այդպիսի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) առանձնահատկություններից կախված Հանձնաժողովի կողմից սահմանվել են այլ վայրեր՝ ապա մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված ծախսերը։
  5. ներմուծվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և դրանց՝ մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր, իսկ եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացրած տրանսպորտի տեսակից և այդպիսի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) առանձնահատկություններից կախված Հանձնաժողովի կողմից սահմանվել են այլ վայրեր՝ ապա մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների ծախսերը.
  6. վերը նշված 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործողությունների հետ կապված ապահովագրական ծախսերը.
  7. մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար թույլտվության և նմանատիպ այլ վճարումներ՝ ներառյալ ռոյալթիները, արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների համար կատարվող վճարումները, որոնք վերաբերում են ներմուծվող ապրանքներին և որոնք գնորդը, որպես Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների վաճառքի պայման, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարել է կամ պետք է կատարի՝ այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ չներառված չափով: 
    Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին չպետք է գումարվեն՝
    ա) Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրման (բազմացման) իրավունքի համար իրականացվող վճարումները,
    բ) ներմուծվող ապրանքների բաշխման կամ վերավաճառքի իրավունքի համար իրականացվող վճարումները, եթե նման վճարումները Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների վաճառքի պայման չեն համարվում:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չպետք է ներառի հետևյալ ծախսերը՝ պայմանով, որ դրանք առանձնացված են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից, հայտագրվել և փաստաթղթերի միջոցով հաստատվել են հայտարարատուի կողմից՝

  1. ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց հետո այնպիսի ապրանքների հետ կապված շինարարական, տեղադրման, հավաքման, հավաքակցման, սպասարկման կամ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ծախսերը, ինչպիսիք են արդյունաբերական տեղակայանքները, մեքենաները կամ սարքավորումները.
  2. ներմուծվող ապրանքների՝ Միության մաքսային տարածքով այդ ապրանքների ժամանման վայրից Միության մաքսային տարածք, իսկ եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացրած տրանսպորտի տեսակից և այդպիսի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) առանձնահատկություններից կախված Հանձնաժողովի կողմից սահմանվել են այլ վայրեր՝ ապա Հանձնաժողովի կողմից սահմանված վայրից փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը.
  3. Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման կամ Միության մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների վաճառքի հետ կապված վճարվող տուրքերը, հարկերը և վճարները:
    Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա ապրանքների գնին նշված լրացուցիչ հավելագրումները կատարվում են հավաստի, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության հիման վրա: Այդպիսի տեղեկատվության բացակայության դեպքում 1-ին մեթոդը չի կիրառվում:

Ըստ նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի գնի մեթոդը (մեթոդ 2)

Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել 1-ին մեթոդին համապատասխան, այդպիսի ապրանքների մաքսային արժեք է համարվում այնպիսի նույնական այն ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով և Միության մաքսային տարածք են ներմուծվել գնահատվող ապրանքների հետ նույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ:

Նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեք է համարվում այդ ապրանքների՝ 1-ին մեթոդին համապատասխան որոշված և մաքսային մարմնի կողմից ընդունված մաքսային արժեքը:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը 2-րդ մեթոդին համապատասխան որոշելիս օգտագործվում է այնպիսի նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են նույն առևտրային մակարդակում և, ըստ էության, նույն քանակությամբ, ինչ գնահատվող ապրանքները:

Այն դեպքում, երբ այդպիսի վաճառքի դեպք չի հայտնաբերվել, օգտագործվում է այնպիսի նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են առևտրային այլ մակարդակում և (կամ) այլ քանակությամբ՝ համապատասխան ճշգրտմամբ, որով հաշվի են առնվում վաճառքի առևտրային մակարդակում առկա և (կամ) ապրանքների քանակության տարբերությունները:

Նշված ճշգրտումն իրականացվում է այնպիսի տվյալների հիման վրա, որոնք փաստաթղթերով հաստատում են ճշգրտման հիմնավորված և ստույգ լինելը՝ անկախ այն բանից՝ ճշգրտումը հանգեցնում է նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի աճին, թե նվազելուն: Այդպիսի տվյալների բացակայության դեպքում գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով ըստ նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը չի կիրառվում:

Ըստ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը (մեթոդ 3)

Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել 1-ին և 2-րդ հոդվածներին համապատասխան, այդպիսի ապրանքների մաքսային արժեք է համարվում այնպիսի համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով և ներմուծվել են Միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների հետ նույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ:

Համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեք է համարվում այդ ապրանքների՝ 1-ին մեթոդին համապատասխան որոշված և մաքսային մարմնի կողմից ընդունված մաքսային արժեքը:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը 3-րդ մեթոդին համապատասխան որոշելիս օգտագործվում է այնպիսի համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են նույն առևտրային մակարդակում և, ըստ էության, նույն քանակությամբ, ինչ գնահատվող ապրանքները:

Այն դեպքում, երբ այդպիսի վաճառքի դեպք չի հայտնաբերվել, օգտագործվում է այնպիսի համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են այլ առևտրային մակարդակում և (կամ) այլ քանակությամբ՝ համապատասխան ճշգրտմամբ, որով հաշվի են առնվում վաճառքի առևտրային մակարդակում առկա և (կամ) ապրանքների քանակության տարբերությունները:

Նշված ճշգրտումն իրականացվում է այնպիսի տվյալների հիման վրա, որոնք փաստաթղթերով հաստատում են ճշգրտման հիմնավորված և ստույգ լինելը՝ անկախ այն բանից՝ ճշգրտումը հանգեցնում է համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի աճին, թե նվազելուն: Այդպիսի տվյալների բացակայության դեպքում գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով ըստ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը չի կիրառվում:

Նվազեցման մեթոդը (մեթոդ 4)

Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել 1-ին, 2-րդ և 3-րդ մեթոդներին համապատասխան, այդպիսի ապրանքների մաքսային արժեքը որոշվում է 4-րդ մեթոդին համապատասխան:

Այն դեպքում, երբ գնահատվող ապրանքները կամ դրանց հետ նույնական կամ դրանց համանման ապրանքները Միության մաքսային տարածքում վաճառվում են այն նույն վիճակում, որում դրանք ներմուծվել են Միության մաքսային տարածք, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում ապրանքի միավորի այն գինը, որով գնահատվող ապրանքները կամ դրանց հետ նույնական կամ դրանց համանման ապրանքներն ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են անձանց, որոնք փոխկապակցված չեն այն անձանց հետ, որոնք Միության մաքսային տարածքում այդպիսի վաճառք են իրականացնում՝ գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվելու կամ դրան համապատասխան ժամանակահատվածում՝ հետևյալ գումարները նվազեցնելու պայմանով՝

  1. միջնորդին (գործակալին) սովորաբար վճարվող կամ վճարման ենթակա վարձատրությունը կամ գնի հավելումը, որը սովորաբար կատարվում է շահույթ ստանալու և ընդհանուր ծախսերը (առևտրային և կառավարչական ծախսերը) ծածկելու համար՝ այն չափերով, որոնցով դրանք սովորաբար տեղի են ունենում Միության մաքսային տարածքում՝ միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի դեպքում.
  2. Միության մաքսային տարածքում իրականացված փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և ապահովագրության՝ սովորաբար իրականացվող ծախսերը և այդպիսի գործողությունների հետ կապված այլ ծախսեր.
  3. մաքսատուրքերը, հարկերը, վճարները և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կիրառվող այլ հարկեր, որոնք ենթակա են վճարման անդամ պետությունների տարածքում ապրանքների ներմուծման և (կամ) վաճառքի հետ կապված՝ ներառյալ անդամ պետությունների սուբյեկտների հարկերն ու վճարները և տեղական հարկերն ու վճարները:

Այն դեպքում, երբ գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվելու կամ դրան համապատասխան ժամանակահատվածում Միության մաքսային տարածքում չեն վաճառվում ո՛չ գնահատվող, ո՛չ գնահատվող ապրանքների հետ նույնական, ո՛չ գնահատվող ապրանքներին համանման ապրանքներ, այդպիսի ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ապրանքի միավորի այն գնի հիման վրա, որով համապատասխանաբար գնահատվող կամ նույնական կամ համանման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվելու օրվան ամենամոտ օրվա դրությամբ, սակայն ոչ ուշ, քան ներմուծման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո վաճառվում են Միության մաքսային տարածքում՝ այնպիսի քանակությամբ, որը բավարար է այդպիսի ապրանքի միավորի գինը սահմանելու համար և այն նույն վիճակում, որում դրանք ներմուծվել են:

Այն դեպքում, երբ ո՛չ գնահատվող, ո՛չ գնահատվող ապրանքների հետ նույնական, ո՛չ գնահատվող ապրանքներին համանման ապրանքները չեն վաճառվում Միության մաքսային տարածքում միևնույն վիճակում, որում դրանք ներմուծվել էին Միության մաքսային տարածք, հայտարարատուի դիմումի հիման վրա՝ գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է այդպիսի ապրանքների միավորի գնով, որով վերամշակումից (մշակումից) հետո դրանք ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են այնպիսի անձանց, որոնք փոխկապակցված չեն այն անձանց հետ, որոնցից նրանք գնում են այդ ապրանքները Միության մաքսային տարածքում՝ վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքը և վերը նշված գումարները գնից նվազեցնելու պայմանով:

Վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքի նվազեցումն իրականացվում է վերամշակման (մշակման) արժեքին վերաբերող հավաստի, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկությունների հիման վրա:

Գումարման մեթոդը (մեթոդ 5)

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը 5-րդ մեթոդին համապատասխան որոշելիս հիմք է ընդունվում ապրանքների հաշվարկային արժեքը, որը որոշվում է հետևյալն իրար գումարելու միջոցով`

  1. գնահատվող ապրանքների արտադրության հետ կապված նյութերի պատրաստման կամ ձեռքբերման ծախսերը և գնահատվող ապրանքների արտադրության, ինչպես նաև արտադրության հետ կապված մյուս գործողություններին առնչվող ծախսերը.
  2. շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը, որը համարժեք է այն մեծությանը, որը սովորաբար հաշվի է առնվում գնահատվող ապրանքների հետ միևնույն դասին կամ տեսակին պատկանող ապրանքների վաճառքի դեպքում՝ այն երկրում, որտեղ ապրանքները վաճառվել են Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով.
  3. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերում նշված ծախսերը:

Վերոնշյալ 1-ին ենթակետում նշված ծախսերը որոշվում են գնահատվող ապրանքների արտադրության մասին տվյալների հիման վրա, որոնք ներկայացվել են դրանք արտադրողի կողմից կամ նրա անունից և հաստատվել են արտադրողի առևտրային փաստաթղթերով՝ պայմանով, որ այդ փաստաթղթերը կազմված լինեն ապրանքների արտադրության երկրում կիրառվող հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին համապատասխան:

Շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը հաշվի է առնվում ամբողջությամբ և որոշվում է արտադրողի կողմից կամ նրա անունից ներկայացված տվյալների հիման վրա: Այն դեպքում, երբ այդ տվյալները չեն համապատասխանում Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքից սովորաբար ստացվող շահույթի և սովորաբար կատարվող ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) չափի մասին մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տվյալներին, մաքսային մարմինը շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը կարող է որոշել իր ունեցած տվյալների հիման վրա:

Պահուստային մեթոդը (մեթոդ 6)

Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել 1-ից 5-րդ մեթոդներին համապատասխան, այդպիսի ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Օրենսգրքի 5-րդ գլխի սկզբունքներից և դրույթներից ելնելով՝ Միության մաքսային տարածքում առկա տվյալների հիման վրա:

Ապրանքների մաքսային արժեքը որոշելու՝ 6-րդ մեթոդին համապատասխան օգտագործվող մեթոդներն այն նույն մեթոդներն են, ինչ 1-ից 5-րդ մեթոդները, սակայն մաքսային արժեքը 6-րդ մեթոդին համապատասխան որոշելիս թույլատրվում է այդ մեթոդները կիրառելիս ցուցաբերել ճկուն մոտեցում:

Ներմուծվող ապրանքների՝ 6-րդ մեթոդին համապատասխան որոշված մաքսային արժեքը պետք է հնարավոր առավելագույն չափով հիմնված լինի ավելի վաղ որոշված մաքսային արժեքների վրա:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը 6-րդ մեթոդին համապատասխան որոշելիս չեն կարող հիմք ընդունվել՝

  1. Միության մաքսային տարածքում արտադրված ապրանքների գները Միության ներքին շուկայում.
  2. մաքսային նպատակներով երկու այլընտրանքային արժեքներից ավելի բարձր արժեքի ընդունումը նախատեսող համակարգերը.
  3. ապրանքների գները արտահանման երկրի ներքին շուկայում.
  4. նույնական կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքում ներառված ծախսերից բացի այլ ծախսեր.
  5. ապրանքների արտահանման երկրից Միության անդամ չհանդիսացող պետություններ մատակարարվող ապրանքների գները.
  6. ապրանքների նվազագույն մաքսային արժեքը.
  7. կամայական կամ շինծու (ֆիկտիվ) արժեքը:

Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքի մաքսային արժեքի որոշման կանոնները սահմանվում են «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ գլխով:

Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը տեղափոխելու համար:

Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների հետ մեկտեղ, հայտարարագրում է հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը: Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշում է հայտարարատուն, բացառությամբ Օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ դա որոշում են մաքսային մարմինները:

Մաքսային արժեքը ներառում է`

  1. արտահանման երկրում ապրանքներ ձեռք բերելու գինը.
  2. մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսեր.
  3. մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքներ ձեռք բերելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի.
  4. Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ արտահանվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`
    ա. ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,
    բ. ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,
    գ. ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,
    դ. ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և, ներմուծման երկրից բացի, այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.
  5. գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
  6. տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
  7. Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:

Վերը նշված՝ 2-7-րդ կետերում նշված ծախսերը ներառվում են մաքսային արժեքում, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքներ ձեռք բերելու գնում:

Մաքսային արժեքում չեն ներառվում`

  1. արտահանման երկրում վճարված կամ վճարման ենթակա և վճարման փաստաթղթերում առանձին նշված անուղղակի հարկերը.
  2. ներմուծման երկրում ապրանքների փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման, կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.
  3. մատակարարի հանդեպ գնորդի ստանձնած ֆինանսական պարտավորություններից բխող տոկոսները, բացառությամբ Օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ կետում նշված գումարների, և եթե տվյալ տոկոսադրույքը չի գերազանցում նույն կամ գրեթե նույն ժամանակաշրջանում արտահանման երկրում նմանօրինակ գործարքներում կիրառվող տոկոսի միջին դրույքաչափը.
  4. էլեկտրոնային տվյալների կրիչներում ներառված տեղեկատվության (ծրագրային փաթեթներ և այլն) արժեքը.
  5. Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխումից հետո գործարանների, մեքենաշինական սարքերի կամ սարքավորումների և Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված այլ ապրանքների հետ կապված շինարարական, մոնտաժային, հավաքման, տեխնիկական սպասարկման կամ տեխնիկական օժանդակության աշխատանքների դիմաց կատարվող վճարները, եթե դրանք չեն մտնում այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարի մեջ.
  6. ներմուծման երկրում ապրանքների ներմուծման համար գանձված կամ գանձման ենթակա տուրքերը, հարկերը և այլ պարտադիր վճարները, եթե դրանք չեն մտնում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարի մեջ:

Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը

Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուն մաքսային հայտարարագրի հետ պետք է ներկայացնի`

  1. ապրանքներ ձեռք բերելու փաստաթուղթը, որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում` ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի, քանակի, չափի միավորի, միավոր արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև վճարման փաստաթուղթը կամ հետագա վճարման պարտավորությունը հաստատող փաստաթուղթը (երաշխիքի նամակ կամ վաճառողի և գնորդի միջև համաձայնեցված այլ փաստաթուղթ).
  2. մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, եթե ապրանքների մատակարարման պայմաններով այդպիսի ծախսերի պարտավորությունը կրում է գնորդը:
    Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե՝
    1) հայտարարատուի կողմից ներկայացվել են վերը նշված փաստաթղթերը.
    2) գնորդի կողմից ապրանքների տնօրինման կամ օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չկան, բացի այն սահմանափակումներից, որոնք`
    ա. սահմանված են օրենքով, կամ
    բ. սահմանափակում են աշխարհագրական այն տարածքը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել, կամ
    գ. էականորեն չեն ազդում տվյալ ապրանքները ձեռք բերելու արժեքի վրա.
  3. վաճառքը կամ գինը ենթակա չէ որևէ պայմանի կամ հատուցման, որի պատճառով գնահատվող ապրանքներ ձեռք բերելու արժեքները չեն կարող որոշվել.
  4. գնորդի կողմից ապրանքների հետագա վաճառքից, տնօրինումից կամ օգտագործումից ստացվող հասույթներից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի կարող անցնել վաճառողին, քանի դեռ հնարավոր չէ համապատասխան ճշգրտում կատարել.
  5. գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ եթե գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, սակայն`
    ա. հայտարարատուի ներկայացրած տեղեկատվության համաձայն` այդպիսի փոխկապակցվածությունը չի ազդել ապրանք ձեռք բերելու արժեքի վրա, կամ
    բ. հայտարարատուի կողմից ձեռք բերված ապրանքի ձեռք բերման արժեքն առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված` չփոխկապակցված անձից ձեռք բերված նույն կամ համանման ապրանքների ձեռք բերման արժեքից, կամ
    գ. հայտարարատուի որոշած մաքսային արժեքը նույն կամ համանման ապրանքների արժեքից առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ, կամ
    դ. հայտարարատուի որոշած մաքսային արժեքը նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծված նույն կամ համանման ապրանքների` Օրենքի 78-րդ հոդվածով նախատեսված մեթոդով որոշված միջին մաքսային արժեքից առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ:

Մաքսային արժեքի որոշումը՝ ըստ նույն ապրանքների գործարքի գնի

Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույն ապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակի տարբերություններով պայմանավորված ճշգրտումները:

Ճշգրտումը կատարելիս պետք է հաշվի առնել տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով տեղափոխվող ապրանքների և դիտարկվող նույն ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:

Մաքսային արժեքի որոշումը՝ ըստ համանման ապրանքների գործարքի գնի

Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված համանման ապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակի տարբերություններով պայմանավորված ճշգրտումները: Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն գոյություն ունեցող փաստերի վրա, անկախ ճշգրտման արդյունքում գործարքի գնի բարձրացման կամ նվազեցման հանգամանքից:

Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը
 
Եթե Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքները կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով իրացվում են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում, ապա դրանց մաքսային արժեքը որոշվում է համախառն ամենամեծ քանակով, նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում այդ ապրանքների կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով ստորև նշված նվազեցումները և ավելացումները:

Այդ նվազեցումներն են ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման համար վճարման ենթակա հարկերը և պարտադիր այլ վճարներ:

Ավելացումներն են Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների պահեստավորման, փոխադրման, ապահովագրման և համանման այլ ծախսերը: 

Համախառն ամենամեծ քանակի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը:

Մաքսային արժեքի որոշումը՝ ըստ հաշվարկային արժեքի

Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է դրանց հաշվարկային արժեքի հիման վրա, որը բաղկացած է`

  1. Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների արտադրության ընթացքում օգտագործված նյութերի և վերամշակման արժեքից.
  2. Հայաստանի Հանրապետությունում ներմուծման երկիր արտահանման համար արտադրողների նախանշած նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթից և կատարվող ընդհանուր ծախսերից.
  3. մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը նույն կամ գրեթե նույն քանակի նույն տեսակի ապրանքների տեղափոխման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սովորաբար կատարվող փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերից.
  4. մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը նույն կամ գրեթե նույն քանակի նույն տեսակի ապրանքների տեղափոխման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սովորաբար կատարվող կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերից, բացառությամբ ապրանքներ ձեռք բերելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի:

Մաքսային արժեքի որոշման պահուստային մեթոդը

  1. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել մաքսային արժեքի որոշման նախորդ կանոններով, ապա դա որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համահունչ այլ միջոցներով` Հայաստանի Հանրապետությունում առկա տեղեկությունների հիման վրա: Ընդ որում, այդպիսիք չեն կարող լինել`
  2. այլընտրանքային երկու մաքսային արժեքներից ավելի բարձրը հիմք ընդունող որևէ տարբերակ.
  3. արտադրության ծախսերը, բացառությամբ Օրենքի 83-րդ հոդվածին համապատասխան նույն կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքների.
  4. նվազագույն կամ առավելագույն մաքսային արժեքները.
  5. կամայական արժեքները:

Մաքսային մարմինները պարզաբանումներ են տրամադրում անձանց` մաքսային արժեքի հարցերով: Պարզաբանումներ տրամադրելիս մաքսային մարմինն իրավունք չունի իրականացնելու փաստաթղթերի ստուգում և ընդունելու նախնական որոշումներ մաքսային արժեքի վերաբերյալ: