Մաքսային ծառայության առաքելություն
Մաքսային ծառայությունն այն կառույցն է, որը մշտապես առանցքային նշանակություն ունի պետության տնտեսական զարգացման և արտաքին առևտրի կառավարման գործում: 

Մաքսային մարմինները, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովողը, կիրարկում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված նորմերը և վերահսկում են դրանց կատարումը:

Մաքսային ծառայությունն այն կառույցն է, որի հիմնական առաքելությունն ուղղված է տնտեսության և հասարակության պաշտպանությանը: Այս շրջանակներում առանձնակի ուշադրության է արժանի այնպիսի կարևորագույն մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են մաքսային գործի բնագավառում կատարվող հանցագործությունների և մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարը: Ահաբեկչության անընդհատ ահագնացող տեմպերը, թմրամիջոցների, զենքի, մշակութային և պատմական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգ ճանապարհով տեղափոխման ուղիների և մեթոդների կատարելագործումը հանգեցրել են իրավապահ ոլորտում նոր խնդիրների ստեղծմանը և դրանց լուծմանն ուղղված պետության անհապաղ միջամտության անհրաժեշտությանը:

Ի լրումն վերոգրյալ գործառույթների, մաքսային մարմիններն ապահովում են նաև մաքսային վճարների հավաքագրումը:


Մաքսային մարմինների հիմնական խնդիրներն են` 

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը. 

բ) մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ապահովումը և մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը, կանխումը, բացահայտումը, մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի գանձման գծով աշխատանքների իրականացումը. 

գ) առևտրատնտեսական հարաբերություններում մաքսային կարգավորման մաքսային օրենսդրությամբ սահմանված միջոցների կիրառումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը, մաքսային վճարների գանձումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե. 

դ) մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացումը և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը. 

ե) մաքսանենգության, ինչպես նաև մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների դեմ պայքարը, թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական և հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների և բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցումը. 

զ) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցումը. 

է) սպառողների շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին աջակցումը. 

ը) մաքսային գործին վերաբերող հարցերում միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, համագործակցությունն օտարերկրյա պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ. 

թ) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության վարումը. 

ժ) մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը և մաքսային գործի բնագավառում խորհրդատվական աշխատանքների կատարումը: 

Վերոնշյալ խնդիրները մաքսային մարմիններն իրականացնում են մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` իրենց իրավասության շրջանակում: