19 Հոկտեմբեր 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինարարական աշխատանքների ընթացքին
ՀՀ վարչապետը բավարարված է ՊԵԿ-ի աշխատանքով. «Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք»

Հոկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրիում կառուցվող ՊԵԿ Հյուսիսային Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի տարածք, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը: Կառավարության ղեկավարը ծանոթանացել է ավտոմաքսատան շինարարական աշխատանքների ընթացքին:

Գյումրիում ՊԵԿ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության  սպասարկման կենտրոնի  հիմնումը բխում է ՀՀ ՊԵԿ 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրից: Նպատակն է ստեղծել՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված, ԱՏԳ  մասնակիցների սպասարկման կենտրոն՝ մաքսային գործառնությունները դյուրացնելու և արդյունավետությունը բարձրացնելու, առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցելու համար:  

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Կառավարության նիստում հավանություն է տրվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ներկայացրած նախագծին, որով Պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 21,5 հա հող՝ կենտրոնի կառուցման նպատակով: Ավելի վաղ ՀՀ վարչապետը հանձնարարել էր առաջարկություն ներկայացնել ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Այդ ընթացքում ՊԵԿ-ը մշակել և հավանության արժանանալուց հետո կոմիտեի 5 տարվա ռազմավարական ծրագրում ներառել է ավելի համապարփակ նախագիծ` Գյումրիում կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոն, որտեղ կիրականացվի նաև ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթն ամբողջությամբ: 

Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համար նախատեսված 6 հեկտար տարածքում է մեծածավալ շինարարություն ընթանում: Կառույցի շինարարության հիմնական կապալառուն՝  «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն է: Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը, որտեղ  կկենտրոնացվեն ավտոմաքսատան գործառույթները, շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: Կառույցը հագեցած կլինի  գերժամանակակից տեխնիկայով և արդի լուծումներով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին և տնտեսվարարողներին բարձր որակով սպասարկել: Գյումրիի ավտոմաքսատունը նույնպես մեկ պատուհանի սկզբունքով իրականացնելու  է ծառայություններ: Այսինքն, կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:   

Նշենք, որ կենտրոնի համար նախատեսված տարածքը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից: Սրանք Հայաստանի հյուսիսի այն 3 մաքսակետերն են, որոնցով իրականացվում է ներմուծման և արտահանման զգալի մասը:

ՊԵԿ-ի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է Հայաստանում 3 տարվա ընթացքում կառուցել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման երկու կենտրոն: Սիսիանում՝ Հարավային և Գյումրիում՝ Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոններում հետագայում կենտրոնացվելու են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր պետական մարմիններին առնչվող գործառույթները՝ մեկ պատուհանի սկզբունքով: 

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը տեղեկացրել է, որ Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Հոկտեմբերի 14-ից Գյումրիում գտնվող ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեկնարկել է ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումների գործընթացը: Խոսքը, մասնավորապես վերաբերում է Վրաստանից և Ճապոնիայից Հայաստան ներմուծված միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին, բացառությամբ՝ բեռնարկղերով տեղափոխվող ավտոմեքենաներին: (Սակայն, եթե մեքենաները սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա մաքսային ձևակերպումներն իրականացվում են Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում): 

Երկրորդ փուլով արդեն՝ 2019թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս՝ որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից:  

Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունում: 

Սպասարկման որակի բարելավման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով այստեղ մի շարք միջոցառումներ են իրականացվել: Արդյունքում` Հյուսիսային մաքսատուն-վարչությունում առանց հերթի օրական պատրաստ են սպասարկել 350-400 մեքենա: Մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացն այստեղ ևս տևում է 20 րոպե: Հյուսիսային մաքսատուն-վարչությունը համալրվել է վերապատրասված նոր կադրերով: Գործընթացը կազմակերպվում է ստորաբաժանման կազմում գործող  3 բաժինների միջոցով:

Գյումրիում կառուցվող Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ: Հարավային սահմանով մտած տրանսպորտային միջոցների համար Սիսիանի մաքսատունը կշարունակի գործել: 

ՀՀ վարչապետը հոկտեմբերի 19-ին Գյումրիում մասնակցել է նաև Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին:  Իր ելույթում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ՊԵԿ-ն իր առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: «Կարծում եմ՝ մեր պետականության զարգացման համատեքստում  հիմնական խնդիրներից մեկը եղել է ոլորտային որակյալ ռազմավարությունների բացակայությունը և մյուս ոլորտային ռազմավարությունների հետ փոխկապակցվածության և փոխգործակցության բավարար մակարդակի բացակայությունը: Եվ մեր կառավարությունը ձևավորման առաջին իսկ օրերից խնդիր է դրել, որ մենք պետք է մեր գործունեության հիմքում դնենք ռազմավարություններ, որը արդյունքում պետք է լինի մեկ ռազմավարություն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ ՊԵԿ-ը այս հարցում բավական կառուցողական դեր է ունեցել և անընդհատ կառավարությունում քաջալերել է այս գործունեությունը: Եվ ընդհանրապես, հարմար առիթը օգտագործելով, ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ բավարարված եմ վերջին 1.5 տարվա ընթացքում ՊԵԿ-ի աշխատանքով և հստակ արձանագրել, որ ՊԵԿ-ը իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Եվ այս առումով ռազմավարության ընդունումը շատ կարևոր է այդ լուծումները իրականացնելու համար»,- նշել է վարչապետը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ կառավարության համար առաջնահերթություն է այն, որ որակական փոփոխությունները պետք է գան առջևից, որովհետև որակական տեսանելի փոփոխություններն այն գործոնն են, որ ողջ հանրության և կառավարության համար կլեգիտիմացնեն ֆինանսական բավարարումների, աշխատավարձերի բարձրացումը: «Որևէ պարագայում մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը, մենք 1.5 տարվա ընթացքում ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություն ունենք, բայց ուզում եմ ընդգծել, որ մենք այս հաջողություններն առավելագույնը չենք համարում և մենք հետևողականորեն պետք է  շարժվենք այդ ճանապարհով՝ շարունակաբար ավելացնելով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը՝ չմոռանալով, որ հարկերի հավաքագրման պրոցեսում, պետական ծախսերի պրոցեսում պետք է տնտեսական աճի և ակտիվության խթանումը լինի առաջնահերթություն»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ տնտեսական ակտիվության խթանումը ոչ միայն ֆինանսական, այլ նաև հոգեբանական բաղադրիչ ունի: «Կարծում եմ, որ տնտեսվարող սուբյեկտների տրամադրությունն ու տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է այն որակով, որ ունեն նրանց շփումները հարկային և մաքսային մարմինների հետ: Եվ ես համոզված եմ, որ այս շփման որակը գնալով ավելի կբարձրանա և ես բոլորիդ քաջալերում եմ հստակ և աներկբա շարժվել այդ ճանապարհով»,-եզրափակեց Փաշինյանը:

Ողջունելով մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ ունեցել են երկօրյա արդյունավետ աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են  մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ պետական կառավարման ոլորտի ռազմավարական պլանավորմանը վերաբերյալ:  Աշխատաժողովում ներկայացվել է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագիրը: «Մասնավորապես, ռազմավարությունը նախանշում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա հինգ տարիների զարգացման և իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղությունները, դրանց իրագործումն ապահովող նախագծերը և անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև մակրոտնտեսական ցուցանիշների վրա դրանց ազդեցությունը և կանխատեսումները։ Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը նպաստելու է հարկային և մաքսային ոլորտում վերլուծական գործիքներով վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը և տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ ընթացակարգերի օպտիմալացմանը»,-ընդգծել է Դավիթ Անանյանը։

Բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Այնուհետև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է «ՀՀ ՊԵԿ արդիականացման ճանապարհ, վերջին տարիների զարգացումներ» թեմայով շնորհանդես: Իսկ ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանը շնորհանդեսով ներկայացրել է Մեղրիի անցակետի արդիականացման ծրագիրը և Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծումը:

Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում: