13 Օգոստոս 2019
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ
Անդրադարձ է եղել իրավական ոլորտի գործունեությանը, իրավախախտումների ԵՎ հանցագործությունների բացահայտմանն ուղղված որոշ միջոցառումների

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է 2019թ. առաջին յոթ ամիսներին ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերի առկայության և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին: Մասնավորապես, Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով (ապօրինի գործունեությամբ զբաղվելը) արձանագրվել է 126 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով: 408-րդ հոդվածով (լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ բնական պաշարներն օգտագործելը) արձանագրվել է 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ ավելի քան 21.5 մլն ՀՀ դրամի չափով: 410-րդ հոդվածով (ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելը) արձանագրվել է 458 դեպք, ինչի հիման վրա կազմվել է  պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով: 

Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացվող ներմուծումների մասով առկա չարաշահումներին՝ ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ հարկային հսկողության իրականացման համատեքստում իրավախախտումների հայտնաբերման, պակաս հարկային պարտավորությունների հաշվարկման և վճարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շրջանակում ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ձեռքբերման արժեքները և գնահատվում է դրանց արժանահավատությունը: Մասնավորապես, հարկ վճարողները ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծելով տարբեր ապրանքներ՝ հարկային մարմին ներկայացնում են որոշ տնտեսվարող սուբյեկտներից ստացված կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում էականորեն ցածր են ձևակերպված լինում ապրանքների ձեռքբերման արժեքները, ինչն էլ հնարավորություն է ընձեռում ավելի քիչ հարկեր վճարել և ներքին շուկայում փոխել ապրանքի գինը՝ խախտելով ազատ մրցակցության կանոնները և խոչընդոտներ ստեղծելով նմանատիպ ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող բարեխիղճ հարկ վճարողների համար: Այս ուղղությամբ կատարված վերլուծությունների  արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, կատարվում են միջազգային հարցումներ՝ պարզելու հաշիվ ապրանքագրերի իսկությունն ու արժանահավատությունը:

Բիզնեսի տրոհման թեմայի առնչությամբ կոմիտեն տեղեկացնում է, որ հաճախ ընկերություններն արհեստականորեն տրոհում են իրենց բիզնեսը՝ մանր բիզնեսների միջոցով փորձելով զերծ մնալ ԱԱՀ շեմի գերազանցումից: Իրական շահառուներին գտնելու նպատակով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրություններով կամ վերլուծությունների միջոցով բացահայտվում և հիմնավորվում են տնտեսվարող սուբյեկտների փոխկապակցված լինելու հանգամանքները, իրականացվում են հարկ վճարողների կողմից հնարավոր պակաս հայտարարագրված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ և միջոցներ են ձեռնարկվում դրանց գանձումներն ապահովելու նպատակով: Նմանատիպ դեպքերում հարկ վճարողների գործունեությունը դիտարկվում է որպես մեկ միասնական գործունեության արդյունք, գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը հաշվարկելիս հիմք է վերցվում բոլոր տնտեսվարող սուբյեկտների իրացման շրջանառությունների հանրագումարը։ Փոխկապվածության հիմքերի առկայության դեպքում, ներկայացված զեկուցագրի հիման վրա, ՊԵԿ նախագահի հրամանով հարկ վճարողները համարվում են փոխկապակցված։ 

Արդիական են նաև ընկերությունների կողմից հարկերի թվացյալ օպտիմալացման մեխանիզմի ներքո ձևակերպվող գործարքները, որոնք հետագայում հնարավորություն են տալիս շահութահարկից կատարել ավել նվազեցումներ և վճարել պակաս հարկեր: Նմանատիպ դեպքի օրինակ են ապահովագրական ընկերությունները: Քննված և քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում վերջիններս շրջանառության հարկ վճարող հանդիսացող Ա/Ձ-ներից ստացել են ապահովագրական միջնորդի ծառայություններ, որոնք չեն ունեցել վարձու աշխատողներ և հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրել բացառապես ապահովագրական ընկերություններին՝ նման եղանակով ապահովելով ծառայությունների ստացման բարձր տոկոսայնություն: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա/Ձ-ների կողմից մատուցված ապահովագրական միջնորդի ծառայություններն իրատեսական չեն եղել, ինչի արդյունքում էլ ապահովագրական ընկերությունների կողմից շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից ցույց են տրվել չհիմնավորված նվազեցումներ: Քննության ընթացքում որոշ ապահովագրական ընկերություններ, գիտակցելով և ընդունելով իրենց կողմից ծավալած գործունեության ընթացքում հարկերի հաշվարկման մեջ թույլ տված խախտումները, դրսևորել են պատշաճ հարկ վճարողի վարքագիծ, մասնավորապես, մինչև համալիր հարկային ստուգումներ իրականացնելը վերջիններս ինքնուրույն հաշվարկել և հարկային մարմնին են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ և վճարել շուրջ 137.641.065 դրամի հարկային պարտավորություն: 

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափի հարկ չվճարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը և «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղը (այսուհետ՝ մասնաճյուղ) Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերի հիման վրա իրականացրել են Երևան քաղաքի համապատասխանաբար արևելյան ու արևմտյան հատվածների աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցում: Հարկման առումով ՍՊ ընկերությունը և մասնաճյուղը ծառայությունները մասնատել են երկու մասի, որոնցից սանիտարական մաքրման, ձմեռային պահպանման և այլ օժանդակ ծառայությունների մասով հաշվարկել են ԱԱՀ, իսկ բեռնատար ավտոմեքենաներով աղբի և ձյան տեղափոխման ծառայությունների մասով, այն դիտելով որպես բեռնափոխադրում, իրենց համարել են հաստատագրված վճար վճարող: 2018 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել  «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքը, որից հետո ՍՊ ընկերությունը և մասնաճյուղը, մատնանշելով  «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթները, 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին շարունակել են վերոգրյալ բեռնափոխադրման ծառայությունների մասով իրենց համարել հաստատագրված վճար վճարող: Կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 299.918.392 ՀՀ դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ»  հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 ՀՀ դրամ ԱԱՀ: Բացի այդ, քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ hայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել 2018թ. բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները: Վարույթն իրականացնող մարմինն իր գործառույթներին համապատասխան այդ փաստին ևս ընթացք տալու նպատակով՝ չհայտարարագրված և չկատարված հարկային պարտավորությունների չափը պարզելու համար նշանակել է ստուգում. կատարումը հանձնարարվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, սակայն ստուգման ակտը դեռևս չի ստացվել:

Իրավական ոլորտի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: