16 Մայիս 2019
Պետությունների միջԵՎ անթուղթ առԵՎտրի դյուրացման հեռանկարները համախմբել են պետական ԵՎ մասնավոր հատվածները
ՊԵԿ-ը համակարգում է UNESCAP-ի միջազգային փորձագետների խորհրդատվական հանդիպումը Հայաստանում

Մայիսի 16-ին Երևանում մեկնարկել է անթուղթ առևտրի դյուրացմանը նվիրված խորհրդատվություն: ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) նախաձեռնած ազգային խորհրդատվությունը համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Տարբեր գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ միջազգային փորձագետները քննարկել են երկրների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման միջոցով անթուղթ առևտրի կայացման հեռանկարները, վերհանել Հայաստանի հնարավորություններն ու խնդիրները: Խորհրդատվության ընթացքում մասնակիցները վերլուծել են ոլորտին առնչվող իրավական կարգավորումները և տեխնիկական հնարավորությունները, քննարկել հիմնական ձեռքբերումները: Դիտարկվել են նաև բիզնես գործընթացների վերլուծությունների հիման վրա կատարվող արտահանման և ներմուծման ընթացակարգերը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, շնորհակալություն հայտնելով միջազգային փորձագետներին աջակցության համար, նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ և ԵՄ Արևելյան գործընկերության անդամ առաջին երկրներից է, որը ստորագրել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան անդրսահմանային առևտրի դյուրացման շրջանակային համաձայնագիրը. «Մենք կարծում ենք, որ տեխնոլոգիական զարգացումը միտված է պարզեցնելու և դյուրացնելու պետությունների միջև ապրանքաշրջանառությունը և սահմանահատման դժվարությունները»:

UNESCAP-ի Առևտրի, ներդրումների և նորարարության վարչության Առևտրային քաղաքականության բաժնի ղեկավար Յան Դուվալի գնահատմամբ Հայաստանը կարող է ոչ միայն սովորել աշխարհի երկրներից, այլև օրինակ ծառայել հատկապես Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար` մաքսային ոլորտի էլեկտրոնայնացման և էլեկտրոնային կառավարման գործընթացներով: Յան Դուվալը նաև պատրաստակամություն է հայտնել` UNESCAP-ի փորձագիտական ներուժն ուղղելու անթուղթ առևտրի զարգացմանը` ի նպաստ ՀՀ-ում առևտրի դյուրացման: