08 Փետրվար 2019
Բիզնես ոլորտի զարգացմանն ուղղված քննարկում՝ Գյումրիում
ՊԵԿ ներկայացուցիչները…

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները Գյումրիում մասնակցել են  բիզնես ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքային հանդիպմանը: Քննարկվել են պետական, հասարակական և մասնավոր կառույցների միջև կառուցողական երկխոսություն ծավալելու և ՀՀ համայնքներում բիզնես ռազմավարության բարելավման հարցեր: ՊԵԿ ներկայացուցիչ Լորիս Հարությունյանը ներկայացրել է 2018 թ. ընթացքում հարկային մարմնի կողմից կատարված աշխատանքները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը: Մասնավորապես, հարկ վճարողների հետ կազմակերպվել են ոլորտային հանդիպումներ, որոնց ընթացքում կարևորվել է բիզնեսում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև հարկային օրենսդրության շրջանակում ոլորտների խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել կարգավորման ուղիները: Սպասարկման ծառայությունների բարելավման նպատակով հարկային մարմնում ներդրվել է նաև «մեկ պատուհան» սկզբունքը, որի արդյունքում ցանկացած տնտեսվարող կարող է սպասարկվել հարկ վճարողների սպասարկման ցանկացած ստորաբաժանման կողմից: ՊԵԿ ներկայացուցիչները նշել են, որ  հարկային մարմինը զգալի աշխատանքներ է կատարել բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, որի արդյունավետության ապահովման գործում առանցքային նշանակություն ունի հարկ վճարողների հարկային կարգապահության բարձրացումը, ինչը կնպաստի նաև հավասար մրցակցային միջավայրի ստեղծմանը:  

Քննարկումներն առավել առարկայական դարձնելու համար առաջարկվել է հետագայում հանդիպումներին մասնակից դարձնել նաև բիզնեսի ներկայացուցիչներին։