24 Դեկտեմբեր 2018
ԵրԵՎանում անցկացվել է «Բեռնարկղերի հսկողության ծրագրի» աշխատանքային քննարկում
Օրակարգում՝ թմրանյութերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերն են

Երևանում անցկացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Համաշխարհային մաքսային կազմակերպության և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Բեռնարկղերի հսկողության ծրագրի» մեկնարկային աշխատանքներին ուղղված քննարկում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարձրացնել թմրանյութերի դեմ պայքարի արդյունավետությունը: Քննարկմանն անդրադարձ է եղել ծրագրի շրջանակում այլ անդամ պետությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման և վերլուծության, ապրանքների մատակարարման միջազգային շղթայում առավել տեսանելի և անվտանգ հսկողական մեխանիզմների ներդրման, անօրինական ապրանքաշրջանառության կրճատման խնդիրներին:

Ծրագրի սկզբնական շրջանում նախատեսվում է բազմափուլ խորհրդատվություն և վերապատրաստում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների համար՝ նրանց մասնագիտական ունակությունների մակարդակը հասցնելով միջազգային չափանիշներին: Նախատեսվում է ստեղծել նաև տարբեր իրավապահ ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված մասնագիտացված շարժական խմբեր, որոնք ստացված տեղեկատվության հիման վրա թիրախային հսկողություն կիրականացնեն Հայաստանի Հանրապետության առավել ռիսկային համարվող սահմանային անցակետերում:

Համաձայն ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության գրասենյակի 2017թ. հաշվետվության՝ 48 երկիր (ներառյալ Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Բրազիլիան, Պերուն և այլն) ծրագրի շահառու է, ևս յոթ երկիր անդամակցության հայտ է ներկայացրել: