26 Նոյեմբեր 2018
Ներդրվել է պարտավորությունների գանձման վարչական վարույթի իրականացման էլեկտրոնային համակարգը
Ինքնաշխատ համակարգով կազմվել է 1723 ծանուցում

Պետական եկամուտների կոմիտեում նոյեմբերի 26-ից գործարկվել է հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով պարտավորություններ արձանագրած և դրանք չվճարած տնտեսվարողներին պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակում փաստաթղթերի ծանուցման էլեկտրոնային համակարգը: 

Համակարգի գործարկմամբ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակում փաստաթղթերը կազմվելու են էլեկտրոնային ինքնաշխատ համակարգի միջոցով և հարկ վճարողներին ծանուցվելու են իրենց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեների, իսկ նման հասցեներ չտրամադրած հարկ վճարողներին՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով: Փաստաթղթերը ուժի մեջ են մտնում ծանուցման հաջորդ օրվանից: 

2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով հարկային հաշվարկներով առաջացած պարտավորությունների գանձման համար 2018 թվականի նոյեմբերի 26-ին համակարգում ձևավորվել է 1723 ծանուցում, որից 1580-ն արդեն իսկ ուղարկվել է տնտեսվարողների  էլեկտրոնային փոստի հասցեներին, իսկ 143-ը նախատեսվում է հրապարակել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է՝ չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարույթի շրջանակում փաստաթղթերի մասին տեղեկացված լինելու և վարչական վարույթներում օրենքով իրենց վերապահված իրավունքները պատշաճ իրացնելու համար ստուգել էլեկտրոնային փոստի հասցեները կամ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը: Իսկ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով փաստաթղթերը շարունակվելու են կազմվել մինչ այս պահը գործած թղթային եղանակով և դրանց ծանուցումները ևս իրականացվելու են հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեների կամ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով: