07 Նոյեմբեր 2018
ԵրԵՎանում նոյեմբերի 7-9-ը մեկնարկել է BEPS ծրագրի շրջանակում՝ ԱրԵՎելյան Եվրոպայի ԵՎ Կենտրոնական Ասիայի 4-րդ տարածաշրջանային համաժողովը
Միջազգային գործակցության ընդլայնում հարկային ոլորտում

Նոյեմբերի 7-9-ը Երևանում մեկնարկել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECA) երկրներում BEPS-ի (Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը) իրագործման համապարփակ համակարգին նվիրված 4-րդ տարածաշրջանային հանդիպումը: Եռօրյա համաժողովին քննարկվելու են BEPS-ի իրագործման գերակայությունները և հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման համընդհանուր ստանդարտները: 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, հույս է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական և կայուն հիմք կհանդիսանան հետագա համագործակցության համար: «Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն ներգրավված է հարկման բնագավառում միջազգային ինտեգրացիոն գործընթացներում, ինչը հնարավորություն է տալիս հաշվի առնել հարկային հարաբերությունների կարգավորման նպատակով միջազգային հարթությունում ընթացող գործընթացներն ու առկա միտումները: Մասնավորապես, առանց արգելքների կապիտալի հոսքը և մարդկային ռեսուրսների շարժը, էլեկտրոնային առևտրի զարգացումը հանգեցնում են միջազգային մակարդակում հարկերից խուսափելու դեպքերի աճի, ինչը լուրջ մարտահրավեր է հատկապես զարգացող երկրների հարկային համակարգերի համար: Ուստի, այս համատեքստում առավել ևս ընդգծվում է միջազգային հարկային համագործակ¬ցության դերը»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը: 

2015 թվականից Հայաստանն անդամակցում է ՏՀԶԿ  հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումին: ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ՝ Հայաստանը պատրաստակամությունն է հայտնել նաև ներգրավվելու BEPS ծրագրին, չնայած արդեն իսկ սկսվել են BEPS ծրագրի որոշակի գործողությունների տեղայնացման հնարավարությունների քննարկումները ներքին օրենսդրության մեջ: Հատկանշական է նաև 2017  թվականին BEPS ծրագրի 15-րդ գործողության՝ MLI ստորագրումը, որը վավերացման փուլում: Վավերացման փուլում  է նաև 2018 թվականի հունվարին ստորագրված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան: «Մեկ անգամ ևս ընդգծելով միջազգային հարկային համագործակցության տարբեր հարթակներում հանդես գալու ՀՀ-ի նախաձեռնողականությունը և պատրաստակամությունը՝ վստահ եմ, որ այս հանդիպումը հաջողված մեկնարկ կդառնա մեր հետագա բոլոր աշխատանքներում»,-շեշտել է Դավիթ Անանյանը: 

BEPS ծրագրի շրջանակում՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 4-րդ տարածաշրջանային հանդիպումը կազմակերպվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական համագործակցության և զարգազման կազմակերպության (OECD), Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության(IOTA) համատեղ ջանքերով: Տարածաշրջանային ժողովին մասնակցում են EECA 18 պետությունների հարկային մարմիններից ժամանած 35 փորձագետներ, ինչպես նաև OECD-ի, IOTA-ի հարկային մարմինների, ֆինանսների նախարարությունների, հարկային հարցերով զբաղվող խորհրդարանական ընկերությունների, մի շարք միջազգային կազմակերպությունների, գիտական, գործարար աշխարհի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: