30 Հոկտեմբեր 2018
ՊԵԿ պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԵՎ ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան քննարկել են գործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-30-ն աշխատանքային այցով Բրյուսելում է՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի և բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու, ինչպես նաև ՊԵԿ-ի ու ՀՄԿ-ի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: 

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպմանը քննարկվել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես դիտարկվել է ՀՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների 2020-2021 թվականների համաժողովը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը: Անդրադարձ է կատարվել Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից աշխատաժողովների և փորձագիտական այցերի միջոցով ՊԵԿ մաքսային ծառայությանը մասնագիտական, տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու հարցին: Հայկական կողմը ներկայացրել է առաջնային ուղղությունները, որտեղ ակնկալվում է ՀՄԿ աջակցությունը, մասնավորապես ՀՄԿ Մերկատոր ծրագրին անդամակցությունը, հետբացթողումային հսկողության կատարելագործումը, Հայաստանում «Բեռնարկղերի հսկողության» ծրագրի ներդրումը և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի հետագա համագործակցության ուղղությունները: 

ՊԵԿ պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՄԿ համապատասխանեցման և պարզեցման դիրեկտորատի տնօրեն Անա Հինոսայի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկա 2-3 տարիների համար մշակել համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ: Հայկական կողմը առաջարկել է Հայաստանը ծառայեցնել որպես հարթակ՝ ՀՄԿ կարողությունների զարգացման ծրագրերի մշակման և կատարելագործման համար:

ՊԵԿ նախագահը հրավիրել է ՀՄԿ գլխավոր քարտուղարին՝ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում այցելել Հայաստան՝ ծանոթանալու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: