09 Սեպտեմբեր 2008
Պարզաբանում ՀՀ ներքին շուկայում ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքների կողմնորոշիչ չափանիշների վերաբերյալ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների մաքսային ծառայության պաշտոնական կայքից հանվել են ՀՀ ներքին շուկայում ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքների կողմնորոշիչ չափանիշները:
Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված մաքսային արժեքների կողմնորոշիչ չափանիշները երկիմաստ մեկնաբանությունների տեղիք էին տալիս մաքսային մարմիններ և տնտեսվարող սուբյեկտներ հարաբերություններում, ինչպես նաև նկատի առնելով միջազգային կազմակերպությունների (Համաշխարհային Մաքսային Կազմակերպություն և Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն) առաջարկությունները և առաջադեմ երկրների մաքսային ծառայությունների փորձն այս հարցում, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների մաքսային ծառայության պաշտոնական կայքից հանվել են ՀՀ ներքին շուկայում ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքների կողմնորոշիչ չափանիշները:

Տեղադրված մաքսային արժեքների կողմնորոշիչ չափանիշները խոչընդոտում էին նաև մաքսային արժեքների որոշման կանոնների կիրառմանը և հակասում Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին:

Մաքսային ծառայությունը նախատեսել էր նաև, որպեսզի մաքսային արժեքների իրազեկման հաջորդ փուլում յուրաքանչյուր ամիս` ըստ ապրանքատեսակների պաշտոնական կայքէջում հրապարակվի ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսային ձևակերպումների վերաբերյալ տեղեկատվությունը, որն առավել իրատեսական է և հանրությանն իրազեկելու այդ տարբերակն են ընտրել լավագույն փորձ ունեցող մաքսային ծառայությունները: Իսկ իրազեկման հաջորդ և վերջնական փուլում մաքսային ծառայությունը նախատեսում է տարածաշրջանային մաքսատներում և մաքսային կետերում առանձնացնել համակարգիչներ, որոնց միջոցով հանրությունը կարող է ներմուծվող (արտահանվող) ապրանքների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ միջազգային առևտրում (աճուրդներ, ապրանքային բորսաներ, միջազգային տեղեկատու գներ) գոյացած արժեքների վերաբերյալ: Ներկայումս  ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը տեղադրված է  համակարգիչ, որի միջոցով յուրաքանչյուր անձ կարող է վերոգրյալ ձևով ստանալ ավտոմեքենայի մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն: