23 Հունվար 2009
«Ալեքսերվ» ընկերությունը որԵՎէ առնչություն չունի ՊԵԿ ղեկավարության հետ
Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրացված այն հարցի առնչությամբ, թե շրջանառվող լուրերի համաձայն` «Ալեքսերվ» ընկերությունը պատահական չի ընտրվել ԵՎ այն առնչություն ունի ՊԵԿ ղեկավարության հետ, Ա. Բեյբությանը, պաշտոնապես հայտարարել է...
Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրացված այն հարցի առնչությամբ, թե շրջանառվող լուրերի համաձայն` «Ալեքսերվ» ընկերությունը պատահական չի ընտրվել և այն առնչություն ունի ՊԵԿ ղեկավարության հետ, Ա. Բեյբությանը, պաշտոնապես հայտարարել է. «Կոմիտեի ղեկավարությունը որևէ կապ չունի այդ կազմակերպության հետ: Ավելին, կարող եմ նաև կռահել, թե որտեղից են գալիս շրջանառվող այդ լուրերը, որոնք հրապարակվում են նաև մամուլում: Մենք սովորաբար արձագանքում ենք մամուլի խելամիտ դիտողություններին և առաջարկություններին, սակայն լինում են նաև հրապարակումներ, որոնք արտահայտում են այն տնտեսվարող սուբյեկտների շահերը, ովքեր ցավոտ են տանում հաշվառման խնդիրը, քանի որ դա նշանակում է դուրս գալ ստվերից և մի քանի անգամ ավել հարկ վճարել: Այդ ժապավենների ներկրումը և իրացումը մեկ կազմակերպությանը տրամադրելու իմաստը նրանում էր, որ դրանք սոսկ կտրոններ չեն, ինչպիսիք տարիներ շարունակ ներկրվել են տարբեր կազմակերպությունների կողմից. ՀԴՄ ժապավեններին այժմ ներկայացվում են հատուկ պահանջներ` դրանք ունեն հատուկ համարներ, բոլոր կտրոնները հաշվառված են, դրանց բաշխումն էլ ֆիքսվում է, ինչը հատկապես կարևոր է խաղարկության անցկացման առումով: Այսինքն` միայն այդ կազմակերպության միջոցով կարող ենք հեշտությամբ պարզել, թե որ համարը որ տնտեսվարող սուբյեկտի մոտ է գտնվում»:
 
Պետական եկամուտների կոմիտեն որևէ տարածք ոչ մեկին չի հատկացրել

 
Անդրադառնալով նաև շահարկվող այն լուրերին, թե իբր «Ալեքսերվ» ընկերությունն անվարձահատույց տնօրինում է  հարկայինի տարածքները, իսկ կոմիտեն վճարում է այդ ընկերության փոխարեն, Արտաշես Բեյբությանը վստահեցրել է, որ «Պետական եկամուտների կոմիտեն որևէ տարածք ոչ մեկին չի հատկացրել»: Ըստ Ա. Բեյբությանի` կառավարության քաղաքականությունից է բխում` հեշտացնել տնտեսվարողների սպասարկումը: Այսպիսով` փորձ է արվում նոր հասցեներ փնտրելու առումով հարկատուներին դժվարություններից և քաշքշուկներից հեռու պահել:  Նշված ընկերությունը նաև այլ տարածքներում ունի վաճառակետեր, գրասենյակային տարածքներ,  որտեղից նույնպես իրացում է կազմակերպվում: Միաժամանակ Ա. Բեյբությանը չի բացառել, որ եթե, ասենք, 3 տարի հետո վիճակահանությունը դադարեցվի, հնարավոր է, որ այլ ընկերություններ ևս ներկրեն կամ արտադրեն ՀԴՄ ժապավեններ, քանի որ կվերանա միասնական հաշվառման անհրաժեշտությունը: