26 Հունվար 2009
Շուրջ 500 բողոք` միայն 14 օրում. կտրոն չստացած գնորդն առաջին հերթին հիշել է հարկայինի «Թեժ գծի» համարը 594 - 618
Տոներից հետո հարկային ծառայության «Թեժ գիծը» գրեթե չի լռել. աշխատանքային 14 օրվա ընթացքում (հունվարի 8-ից-26-ը) 59-46-18 հեռախոսահամարը հավաքողները վստահության հեռախոսին են հայտնել իրենց մտահոգություններն ու առաջարկները:
Տոներից հետո հարկային ծառայության «Թեժ գիծը» գրեթե չի լռել. աշխատանքային 14 օրվա ընթացքում (հունվարի 8-ից-26-ը) 59-46-18 հեռախոսահամարը հավաքողները վստահության հեռախոսին են հայտնել իրենց մտահոգություններն ու առաջարկները: Դրանց գերակշիռ մասը վերաբերել է հունվարի 1-ից տրամադրվող նոր ՀԴՄ շահող կտրոնների խնդրին: Բոլոր ահազանգերն, առանց բացառությունների, ձևակերպվել են որպես բողոք և ներկայացվել ՊԵԿ ղեկավարությանը:
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության աշխատակիցները մեկ առ մեկ գնացել են յուրաքանչյուր բողոք-ահազանգի հետքերով:

Պատկերն այսպիսին է. «Թեժ գծի» օգնությանը դիմած քաղաքացիների մեծ մասը հարկայինի մասնագետներին հայտնել է այն առևտրի  օբյեկտների ցանկը, որտեղ խնդիրներ են առաջացել ՀԴՄ նոր կտրոնների տրամադրման հարցում: Ահազանգողները մատնանշել են կոնկրետ համայնքներ ու փողոցներ, որտեղ գործող առևտրի օբյեկտներում, քաղաքացիների պնդմամբ, կա՛մ նոր կտրոններ չեն տրամադրել, կա՛մ էլ պահանջելուց հետո տրամադրել են հինը: Առևտրի որոշ օբյեկտների հաճախորդներ էլ դժգոհել են տվյալ վայրում, առհասարակ, հսկիչ-դրամարկղային մեքենաների  բացակայությունից:

Նաև այլ բնույթի դժգոհություններ են գրանցվել: Օրինակ, գնորդները փաստել են, որ հաճախ ՀԴՄ կտրոնի վրա նշվել է ոչ թե իրականացված առևտրի իրական թիվը, այլ շատ ավելի փոքր գումար, որոշ դեպքերում կտրոնի դարձերեսին չի եղել ութանիշ թիվը կամ բացակայել է սերիան և այլն:

Դժգոհությունների հետքերով գնացած հարկային տեսուչները մատնանշված բոլոր խանութներում կատարել են ստուգումներ և պարզել. շատ դեպքերում, իրոք,  ՀԴՄ կտրոն չի տրամադրվել կամ տրամադրվել է մասամբ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԾ Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության պետ Ոոբերտ Քոչարյանը նախ հիշեցրել է Կոմիտեի ղեկավարի պահանջը. «Առևտրի այս կամ այն օբյեկտի գործունեության կասեցմանն անդրադառնալ ծայրահեղ դեպքում` դա պետք է լիարժեք հիմնավորված լինի: Սկզբնական փուլում դիտարկում է կատարվում, հետևում ենք օբյեկտի վարքագծին, հարկ եղած դեպքում` զգուշացնում, բացատրական աշխատանքներ տանում, այսինքն` տնտեսվարողին հանկարծակիի բերելը բացառվում է: Սա Գագիկ Խաչատրյանի հստակ հանձնարարականն է: Խիստ պատժամիջոցներին, այսինքն` կասեցումներին,  անդրադառնում ենք միայն այն դեպքում, երբ զգուշացումներին ակնհայտորեն հաջորդում են պարբերաբար խախտումները»:

Դիտարկումների և վերահսկողության տակ է հանրապետության ամբողջ տարածքը:  Հարկային ծառայության Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության պետի ձեռքի տակ առևտրի այն օբյեկտների ցանկն է, որոնք տուգանքների են ենթարկվել կամ որոնց վերաբերյալ կասեցման որոշումներ են կայացվել: «Այդպիսիք շուրջ 200-ն են»,- պարզաբանում է Ռ.Քոչարյանը, մատնանշելով մի քանիսի անունները`օրինակ, «Արև», «Սևան», «555» սուպերմարկետներ և այլն: «Այդ ցակում ներառված կազմակերպություններից շուրջ 50-ի գործունեությունը կասեցվել էր»:
 
Ռոբերտ Քոչարյանն արձանագրում է, որ, այսպիսով, հարկայինի աշխատանքն էլ ավելի արդյունավետ է դառնում` իրացման փուլ- փաստաթղթաշրջանառություն-արտադրություն, վերահսկելի է դառնում ամբողջ շղթան:

Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության պետն ընդգծում է նաև ՊԵԿ նախագահի մյուս սկզբունք-հանձնարարականը` «Յուրաքանչյուր քայլ անելիս հիշել` այն պետք է ուղղված լինի հավասար դաշտի ապահովմանը: Եթե խանութներում պարտաճանաչորեն տրամադրում են ՀԴՄ կտրոն, ապա նույնը պետք է պահանջել նաև տոնավաճառներից: Այլապես առևտուրն ավելի ժամանակակից պայմաններով ապահովող խանութներից  կարող է տեղափոխվել տոնավաճառներ: Պետեկամուտների կոմիտեի հիմնական սլաքն ուղղված է լինելու հենց այս ուղղությամբ`իրականացնել պահանջվող բոլոր միջոցառումները, որոնք հավասար դաշտ կբերեն բոլոր տնտեսվարողներին»: