11 Ապրիլ 2009
Ապրիլ ամսվա միայն առաջին 10 օրվա ընթացքում տաքսի ծառայություն իրականացնող պետական գրանցում ստացած Ա/Ձ-ների թիվը կրկնապատկվել է
Վերջին շրջանում տարածքային հարկային տեսչություններում արձանագրվել է պետական գրանցման համար դիմած տաքսի ծառայություն իրականացնող անձանց նկատելի շարժ
Վերջին շրջանում տարածքային հարկային տեսչություններում արձանագրվել է պետական գրանցման համար դիմած տաքսի ծառայություն իրականացնող անձանց նկատելի շարժ. «Մասնավորապես, եթե մարտ ամսվա ընթացքում գրանցվել է թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայություն իրականացնող 40 անհատ ձեռնարկատեր, ապա  միայն ապրիլ ամսվա առաջին 10 օրվա ընթացքում գրանցվածների թիվը կրկնակի ավելացել է. նշված ժամանակահատվածում գրանցվել է 83 անհատ ձեռնարկատեր»,-այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՊԵԿ Օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանը` հավելելով, որ  գրանցվել ցանկացողների ակտիվության մասին են վկայում նաև վերջին մի քանի օրերին ՊԵԿ Հարկային ծառայության «Թեժ գծով» ստացվող զանգերը: Զանգահարողները մասնավորապես ցանկանում են ծանոթանալ գրանցման պայմաններին և ընթացակարգերին:

Ինչ վերաբերում է ապրիլի 8-ից հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների արդյունքներին, ապա Մ. Աղաջանյանը տեղեկացրել է, որ վերջին երեք օրվա ընթացքում  արդեն հայտնաբերվել է անօրինական գործունեություն իրականացնող 23 անհատ տաքսիստ. «Կրկին հիշեցնեմ,  որ մեկ ամսվա ապօրինի գործունեություն իրականացնողների նկատմամբ կիրառվող տուգանքի չափը մոտ 150 հազար դրամ է, մինչդեռ օրինական դաշտում գործելու դեպքում` նրանց հարկային պարտավորությունները կկազմեն ամսական ընդամենը 14 հազ. դրամ»:

Ինչ վերաբերում է գրանցման պայմաններին, ապա ըստ Մ. Աղաջանյանի`  անհատական` մեկ տաքսի-ավտոմեքենայով ուղևորափոխադրումներ   իրականացնող անձինք նախ և առաջ պետք է ստանան պետական գրանցում որպես անհատ ձեռնարկատեր, այնուհետև, մեկամսյա ժամկետում պետք է հաշվառման կանգնեն հարկային տեսչությունում` ստանալով հարկ վճարողի հաշվառման համար: Հետո արդեն վերջիններս պետք է դիմեն լիազոր մարմին և ստանան համապատասխան լիցենզիա` վերոհիշյալ գործունեությամբ զբաղվելու համար /լիցենզիա ստանալու համար պետք է վճարվի տարեկան պետական տուրք` 25 հազ. դրամի չափով/: Փաստացի գործունեությունը սկսելուց առաջ հարկային տեսչություն պետք է ներկայացվի ելակետային տվյալների մասին հայտարարություն և յուրաքանչյուր ամիս պետք է վճարվի հաստատագրված վճար` Երևան քաղաքում – 6800 դրամ, Գյումրի և Վանաձոր քաղաքներում – 6200 դրամ, այլ բնակավայրերում – 5600 դրամ:

Բացի հաստատագրված վճարից, անհատ ձեռնարկատերերը վճարում են նաև նվազագույն սոցիալական վճար` ամսական 5000 դրամի չափով: Բոլոր վճարումները միասին` պետբյուջե տարեկան վճարվող գումարը ԱՁ հանդիսացող տաքսու վարորդների կողմից կազմելու է շուրջ 170 հազ. դրամ կամ միջին հաշվով օրական 400-450 դրամ: