28 Հոկտեմբեր 2008
Ոչ միայն տեսական, այլ նաԵՎ գործնական գիտելիքներ. «ՀՀ մաքսային գործ» դասընթացի մասնակիցներին հանձնվել են վկայականներ
«Հարուստ գիտելիքներ ԵՎ օգտակար շփումներ. «ՀՀ մաքսային գործ» դասընթացներն ավարտում ենք էական ձեռքբերումներով»,- գնահատման թերթիկում ուսումնական ծրագրի մասնակիցների կարծիքները նույնաբովանդակ են: Բոլոր` 84 մասնակիցներն էլ արձանագրում են` դասընթացն անցկացվել է բարձր մակարդակով` հատկապես կազմակերպչական առումով:
«Հարուստ գիտելիքներ և օգտակար շփումներ. «ՀՀ մաքսային գործ» դասընթացներն ավարտում ենք էական ձեռքբերումներով»,- գնահատման թերթիկում ուսումնական ծրագրի մասնակիցների կարծիքները նույնաբովանդակ են: Բոլոր` 84 մասնակիցներն էլ արձանագրում են` դասընթացն անցկացվել է բարձր մակարդակով` հատկապես կազմակերպչական առումով:

Ուսումնական ծրագիրն ավարտել է երկու խումբ. ընդառաջելով մասնակիցներին` կազմակերպիչները` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը,  ցերեկայինից բացի ստեղծել են նաև երեկոյան խումբ:

«Այսօրինակ դասընթացների նպատակը պարզ է` «Մաքսային գործ» առարկայի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ  տալ ԲՈՒՀ-ն ավարտած երիտասարդներին: Արդյունքում`  համակարգի համալրման մրցույթներին մասնակցելիս, նրանք կլինեն  ավելի պատրաստված, գրագետ ու բանիմաց: Հայտնի է, որ սա յուրահատուկ ու բարդ մասնագիտություն է»,- շեշտում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ  Արտակ Շաբոյանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ պահանջվող թեմատիկ դասագրքեր ձեռք բերելն, առհասարակ,  բարդ է, և ոչ միայն. պետք է նաև տեղյակ լինել կառավարության համապատասխան որոշումներին, գերատեսչական ներքին իրավական ակտերին, միջազգային պայմանագրերին ու համաձայնագրերին: Այդ ամենը, Ա.Շաբոյանի տվյալներով, երիտասարդներին հասանելի է  դառնում  այս ծրագրի միջոցով: Ավելին, դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներն իրենց ձեռքի տակ են ունենում մաքսային գործին վերաբերող բոլոր նյութերը, որոնք կազմակերպիչները տրամադրում են ինչպես գրքային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը նշում է, որ ընտրվել էր ուսուցանվող թեմաների բավականին լայն շրջանակ: Դասընթացի մասնակիցները խորը գիտելիքներ ձեռք բերեցին, օրինակ, մաքսային գործի կազմակերպման ու ղեկավարման, մաքսային ռեժիմների ու դրանց առանձնահատկությունների, մաքսային իրավական հարաբերությունների, մաքսային վճարների և կարևորագույն մյուս հարցերի վերաբերյալ: Այսինքն` արվել է առավելագույնը, որպեսզի կարևոր ոչ մի թեմա ծրագրից դուրս չմնա: Արտակ Շաբոյանը կարևորում է հատկապես այն հանգամանքը, որ ծրագիրը միայն տեսական դասընթացով չի սահմանափակվել: «Երիտասարդները նաև գործնական գիտելիքներ են ստացել` ուսումնական այց կատարելով մաքսատներ: Նրանք տեղում ծանոթացել են մաքսային հայտարարագրի լրացման կարգին, ՀՀ  մաքսային  սահմանով տեղափոխվող  ապրանքների մաքսային արժեքի և դրա որոշման կանոններին, ձևակերպումների գործընթացին  և այլն»:

Ոչ պակաս կարևոր այլ հանգամանք, որ մատնանշում է Արտակ Շաբոյանը. «Դասընթացի բոլոր  ժամերին դասախոսել են բացառապես Պետական եկամուտների կոմիտեի մասնագետ-աշխատակիցները: Դասախոսական կազմը համալրված էր աշխատանքի երկարամյա փորձ ունեցող, արհեստավարժ մասնագետներով, ովքեր նաև մանկավարժական աշխատանքի փորձ ունեն»:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվել են վկայականներ` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի անունից:

Կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացնում է, որ այսպիսի դասընթացները շարունակական են լինելու: Հաջորդը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին: Այդ ժամանակ, Ա. Շաբոյանի խոսքերով, հաշվի են առնվելու նաև ծրագրին արդեն մասնակցած երիտասարդների կարծիքներն ու դիտարկումները, որոնք վերջիններս հայտնել են իրենց գնահատման թերթիկներում: