16 Հոկտեմբեր 2008
Փոփոխություններ ԵՎ լրացումներ ՀՀ մաքսային օրենսգրքում
Իրենց պարտականություններում թերանալու դեպքում` մաքսային բրոքերների գործունեությունը կկասեցվի, իսկ ՀՀ մշտական բնակության ժամանողները իրենց անձնական գույքը կարող են տեղափոխել առավելագույնը 180 օրվա ընթացքում
Իրենց պարտականություններում թերանալու դեպքում` մաքսային բրոքերների գործունեությունը կկասեցվի, իսկ ՀՀ մշտական բնակության ժամանողները իրենց անձնական գույքը կարող են տեղափոխել առավելագույնը 180 օրվա ընթացքում. Մաքսային օրենսգրքում կատարված այս և այլ փոփոխություններին է այսօր անդրադարձել Մաքսային գործի կատարելագործման և բիզնես միջավայրի խթանման բաժնի պետ Գագիկ Քառյանը
 
Մաքսային վարչարարության բարեփոխումների առանցքային գրավականներից է օրենսդրության կատարելագործումը, այսինքն` այն պետք է հիմք ծառայի բարեփոխումների արդյունավետ իրականացման համար, իսկ բարեփոխման մի շարք առանցքային սկզբունքեր` այդ թվում ինքնահայտարարագրման համակարգի ընդլայնումը, բրոքերների ինստիտուտի ձևավորումը և մաքսային ընթացակարգերի պարզեցումը ենթադրում են որոշակի փոփոխություններ և լրացումներ ՀՀ մաքսային օրենսգրում:

Այդ նպատակով մաքսայինն ԱԺ ներկայացրեց  «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց օգոստոսի 21-ին:

Նախկինում գործող օրենսգրքում ամբողջությամբ ընդգրկված կամ ներառված չէին մաքսային ձևակերպումների գործընթացում մաքսային միջնորդական և մաքսային փոխադրողի գործունեություն իրականացնող անձանց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու վերաբերյալ դրույթները. Նախկինում գործող օրենսգրքով նախատեսված չէին նաև մաքսային հայտարարագրում լրացումների կամ ճշգրտումների դեպքերը և դրանց իրականացման կարգը:

Այժմ` արդեն փոփոխված օրենսգրքում, մանրամասն սահմանվում են, թե որոնք են հայտարարագրման գործընթացում բրոքերների ու մաքսային փոխադրողների իրավունքներն ու պարտականությունները. «Նախկինում գործող օրենսգրքում սահմանվում էին մաքսային բրոքերների միայն իրավունքները, այժմ հստակ նշված են նաև նրանց պարտականությունները, ինչպես նաև  այն դեպքերը, երբ կարող է դադարեցվել մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությունը: Օրինակ, եթե նրանք մի քանի անգամ թերանան իրենց պարտականություներում, ապա նրանց գործունեությունը կկասեցվի»,- տեղեկացնում է մաքսային գործի կատարելագործման և  բիզնես միջավայրի խթանման բաժնի պետ  Գագիկ Քառյանը:

Հստակ սահմանվել են նաև  «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակման արդյունքում առաջացած թափոնների և մնացորդների մաքսային ձևակերպումների վերաբերյալ դրույթները;

Բացի այդ, փոփոխված օրենսգրքով կիրառության մեջ է մտել մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ` «մաքսային հսկողության տարածքի կազմակերպումը», ինչի արդյունքում հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային հսկողությունն առավել արդյունավետ կիրականացվի: Մասնավորապես, նախատեսվում է առավել խստացնել և հստակեցնել մաքսային պահեստներում ապրանքների պահպանության իրականացման պայմաններն ու չափանիշները:

Օրենսգրքով մաքսային մարմիններին են վերապահել նաև նախաքննություն իրականացնելու գործառույթները:

Փոփոխված օրենսգրքի մեկ այլ դրույթ էլ վերաբերում է ՀՀ մշտական բնակության ժամանող անձանց, որոնք կարող են իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստան տեղափոխել առավելագույնը 180 օրվա ընթացքում. «Նախկինում որևէ կոնկրետ ժամկետ չէր սահմանվում գույքի ներմուծման համար, ինչը չարաշահումների տեղիք էր տալիս: Ասենք, քաղաքացին կարող էր գալ, 6 ամիս բնակվել այստեղ և նոր միայն որոշել, որ իր «օգտագործած» գույքը ցանկանում է ներկրել Հայաստան, իսկ այժմ օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետը հստակ սահմանում է, որ «անձնական օգտագործման գույքը պետք է ՀՀ ներմուծվի ՀՀ-ում հաշվառվելու օրվանից 180 օրվա ընթացքում»,- նշում է Գ. Քառյանը:

Նշված փոփոխությունների և լրացումների արդյունքում ինքնահայտարարագրման գործընթացում կմեծանա մաքսային բրոքերների ընդգրկվածության շրջանակը, ինչպես նաև օրենսդրական հիմք կստեղծվի մաքսային փոխադրողի գործունեությունը խթանելու համար: 

Ինչ վերաբերում է մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ապա այդ նպատակով օրենսգրքում սահմանվել է առանձին դրույթ, համաձայն որի` հետբացթողումային հսկողության արդյունքում մաքսային վճարների գծով չկատարված պարտավորությունների հայտնաբերման դեպքում լրացվող նոր մաքսային հայտարարագիրը կփոխարինվի մաքսային վճարների վճարման փաստաթղթով, որը կհանդիսանա նախկին մաքսային հայտարարագրի անբաժանելի մասը: Արդյունքում նոր մաքսային հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն չի առաջանա:

Փոփոխված օրենսգիրքը հնարավորության կընձեռի նաև անհրաժեշտ հսկողություն իրականացնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների նկատմամբ: Ներդրված լիցենզավորման ենթակա նոր գործունեության տեսակի շնորհիվ կհեշտացվի մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների զննման ընթացակարգը: