06 Հոկտեմբեր 2008
Բարեփոխումների շարունակականության սկզբունքով. այդ գործընթացում Պետական եկամուտների կոմիտեն հերթական քայլերն է իրականացնում
Արտակ Շաբոյան. «Անհամաձայնությունը չպետք է պատճառ դառնա մաքսային ձԵՎակերպումների ուշացման համար»
Արտակ Շաբոյան. «Անհամաձայնությունը չպետք է պատճառ դառնա մաքսային ձևակերպումների ուշացման համար»

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին ընդառաջ. այսուհետ, եթե մաքսային ձևակերպումների ընթացքում մաքասավորի և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի միջև անհամաձայնություն է առաջանում` մաքսային արժեքի կամ ապրանքի ծագման երկրի որոշման հետ կապված, ապա  տնտեսվարողին հնարավորություն է տրվում շարունակել մաքսային ձևակերպումները` հիմք ընդունելով իրենց կողմից հայտարարագրված մաքսային արժեքը կամ ապրանքի ծագման երկիրը: Պայմանը մեկն է` հայտարարատուն պետք է ներկայացնի մինչև 30 օր ժամկետով բանկային երաշխիք` հետագայում վերջնական ընդունված որոշման հիման վրա վերահաշվարկ կատարելու համար:

Այդպիսով, բանկային երաշխիքի կիրառմամբ, Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է մաքսային ձևակերպումների գործընթացի արագացմանը նպաստող արդյունավետ տարբերակ:

«Մաքսային գործում բանկային երաշխիքի կիրառմամբ էական քայլ է արվում մաքսային բարեփոխումների ուղղությամբ»,- զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է  Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը, պարզաբանելով` «Բանկային երաշխիք կիրառող տնտեսվարողը ստիպված չի լինի անհամաձայնության դեպքում մաքսային ձևակերպումներն իրականացնել հապճեպ` մաքսային մարմնի կողմից առաջարկվող մաքսային արժեքով: Փոխարենը նա կարող է ապրանքը մաքսազերծել, բաց թողնել և դրանից հետո շարունակել գործընթացը` բանկային երաշխիքի առկայությամբ»:

«Եթե ներմուծողներն աշխատելու են բանկերի հետ, ապա նրանք պետք է առավել թափանցիկ  աշխատեն»,-հիշեցրել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, տեղեկացնելով, որ  բանկային երաշխիքն իր էությամբ նման է վարկին: Եվ որպեսզի տնտեսվարողին այդ երաշխիքը տրամադրվի, առաջին հերթին բանկը պետք է ամբողջական պատկերացում ունենա տվյալ ձեռնարկության հոսքերի վերաբերյալ: «Սա նշանակում է լրացուցիչ խթան` տնտեսությունն առավել թափանցիկ դարձնելու համար: Խոսքը, հատկապես, վերաբերում է ոչ միայն ներմուծվող ապրանքների ձևակերպմանը, ինչը կատարվում է մաքսային ծառայությունում, այլև ընդհանուր շրջանառության հսկողությանը»,-նշել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը:

Պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքատեսակների ցանկի կրճատման հիմնական նպատակներն են` կրճատել մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակը, պարզեցնել մաքսային ընթացակարգերը

Պարտադիր հավաստագրման /սերտիֆիկացման/ ենթակա ապրանքատեսակների ցանկի վերանայումը մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված հաջորդ քայլն է: Այդ ցանկի կրճատումը` շուրջ 4 անգամ, Կոմիտեի ղեկավարության համոզմամբ, լուրջ աջակցություն է բիզնեսին: 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի  և  Էկոնոմիկայի նախարարության համատեղ ջանքերի արդյունքն արդեն շոշափելի է: Կառավարության օգոստոսի 28-ի նիստում հավանության արժանացած որոշումը գոհունակությամբ է ընդունվել  գործարար աշխարհի կողմից, քանի որ փոփոխությունն, իրոք, շահավետ է գործարարների համար: Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Շաբոյանը հիշեցրել է, որ  ընդհանուր առմամբ, մինչ փոփոխությունը, սերտիֆիկացման էր ենթակա շուրջ 65 ապրանքատեսակ: Պարզեցման արդյունքում սերտիֆիկացման ենթակա ապրանքատեսակների թիվը դարձել է 16:  Պարտադիր հավաստագրման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկվել են միայն այն ապրանքատեսակները, որոնք, մասնագետների դիտարկմամբ, որոշակի ռիսկ էին պարունակում` ազգաբնակչությանը վտանգ ներկայացնելու տեսակետից:  

«Եթե այս կամ այն ապրանքատեսակը հանվել է ցանկից, ապա դա ամենևին չի նշանակում, որ դրանց նկատմամբ անհրաժեշտ  հսկողություն չի իրականացվում: Այդ ապրանքատեսակների նկատմամբ ևս պետական հսկողությունը շարունակվելու է, միայն այն տարբերությամբ, որ դա համապատասխան մարմինն իրականացնելու է  իրացման փուլում»,-տեղեկացրել է Ա. Շաբոյանն ու ընդգծել` այդ փոփոխության  նպատակը ևս մեկն է` պարզեցնել մաքսային ընթացակարգերը:

ՀԴՄ տեղադրման գործընթացը տեղից շարժվել է.

էական խոչընդոտներ չկան

Հարկային վարչարարության կատարելագործման ուղղությամբ ևս էական քայլեր են կատարվում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը լրագրողներին է ներկայացրել հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրման ու շահագործման հետ կապված գործընթացը: «Գործընթացը տեղից շարժվել է: Անցել է նաև այն հոռետեսությունը, թե չի հաջողվի տեղադրել ՀԴՄ, թե ինչ-ինչ բարդություններ առաջ կգան: Էական խոչընդոտներ այլևս չենք տեսնում,»- հայտարարել  է Ա. Ալավերդյանը: Տոնավաճառների, առևտրի կազմակերպման վայրերի հետ տարվող երկարատև ու հետևողական աշխատանքի մասին հանրությանը պարբերաբար տեղեկացվել է: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Կոմիտեի նախագահի տեղակալը հայտնել է, որ այդ նպատակով ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որն ամեն օր քննարկում է իրավիճակը, վերլուծում վիճակագրությունը: Առևտրի կազմակերպման որ վայրն է տեղադրել ՀԴՄ, որտեղ է դա ընթացքի մեջ և ով է գործունեության դադարեցման մասին դիմում ներկայացրել,- Կոմիտեում մշտապես տիրապետում են  բոլոր տվյալներին:

Հոկտեմբերի 6-ի դրությամբ  հանրապետության ողջ տարածքում  առևտրի կազմակերպման գործող վայրերում գրանցված վաճառատեղերը 8. 968  են: Դրանցից  7. 003-ն արդեն կնքել է ՀԴՄ կիրառելու պայմանագիր: Վերջին 15 օրվա ընթացքում հանրապետություն է ներմուծվել շուրջ 2 հազար ՀԴՄ, որոնցից 1.230-ն արդեն տեղադրվել են:

«Այստեղ խոսքը ցանցային ՀԴՄ-ների մասին է: Նախատեսվում է մինչև ընթացիկ ամսվա վերջ խոշոր առևտրի կազմակերպման վայրերում ավարտել ՀԴՄ-ների տեղադրման աշխատանքներն ու անցնել հաջորդ փուլին` ցանցային աշխատանքներն ապահովելուն: Առևտրի կազմակերպման բոլոր վայրերում պետք է ցանցային կապուղիներ լինեն»,- նշել է Ա.Ալավերդյանը:

Շրջադարձ180 աստիճանով. փոփոխություն ստուգումների ռազմավարության մեջ: Մուտքերի ապահովում միայն օրինական հաշվառմամբ
Հարկերի հավաքագրման առումով Պետական եկամուտների կոմիտեն շեշտը դնում է օրինական հաշվառման վրա. հաշվառման բացակայությունը անորոշություն է:

«Հստակ ու օրինական հաշվառման իրականացումն է Կոմիտեի հիմնական քաղաքականությունը: Իսկ դա ենթադրում է փաստաթղթաշրջանառության ֆիքսում ու արձանագրում: Բյուջետային հիմնական մուտքերը մենք ծրագրում ենք ապահովել բացառապես այդ ճանապարհով»,- հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը:

Բացի այդ, տեղեկացվում է, որ Կոմիտեի ղեկավարությունը կտրուկ փոփոխություն է կատարել նաև ստուգումների ռազմավարության մեջ: Ա. Բեյբությանը դա անվանում է` շրջադարձ 180 աստիճանով: Ընդգծվել է, որ խոշոր հիմնարկներում լայնածավալ ստուգումներ այլևս չեն լինելու. փոխարենը լինելու են հստակ կետային, արդյունավետ ստուգումներ` հիմնված ռիսկերի չափորոշիչների  վրա: Օրինակ, վերջին 2 ամսվա ընթացքում ստուգումների քանակը կրճատվել է շուրջ 10 անգամ: 

Կոմիտեն հստակ քաղաքականություն է որդեգրել` ողջ շղթան` ներմուծումից մինչև իրացում, պետք է թափանցիկ լինի: Գործուն քայլերը սկսված են, բարեփոխումների ակտիվ գործընթացը շարունակվում է: