01 Հոկտեմբեր 2008
Մաքսային պահեստները` ՀՀ կառավարության ԵՎ Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում են
Տեխնիկական հագեցվածություն ԵՎ սպասարկման նոր որակ, մաքսային զննման գործընթացի տԵՎողության կրճատում, թափանցիկ գործելաոճ. բարեփոխման այս պահանջներն են առաջադրվել մաքսային պահեստներին թե ՀՀ վարչապետի, ԵՎ թե Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից:
Տեխնիկական հագեցվածություն և սպասարկման նոր որակ, մաքսային զննման գործընթացի տևողության կրճատում, թափանցիկ գործելաոճ. բարեփոխման այս պահանջներն են առաջադրվել մաքսային պահեստներին թե ՀՀ վարչապետի, և թե Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից:

Մաքսային պահեստների ղեկավարների հետ  հանդիպման ժամանակ` դեռևս մայիսին, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել էր, որ այդ կազմակերպությունները կարևոր դերակատարում ունեն մաքսային գործի բնագավառում և նրանց առջև դրված հիմնախնդիրների լուծումից է նաև մեծապես կախված մաքսային գործի արդյունավետ կազմակերպումը: ՊԵԿ նախագահն ըստ այդմ առանձնացրել էր  սպասարկման որակին և հատկապես տեխնիկական հագեցվածությանն առնչվող մի շարք կարևոր խնդիրներ:

Պահեստների կազմակերպիչներին հստակ խնդիրներ էր առաջադրել նաև վարչապետը, մասնավորապես`    մաքսային պահեստների տարածքները պետք է հստակ առանձնացված լինեն, անհրաժեշտ է ապահովել տեխնիկական հագեցվածությյան անհրաժեշտ մակարդակ և ստեղծելանհրաժեշտ աշխատանքային պայմաններ մաքսային բրոքերների համար և այլն:

Ըստ ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչության պետ   Գառնիկ Միրզոյանի` բարեփոխման այս պահանջերը պահեստներից մի մասում գրեթե ավարտին են հասցվել, մյուս պահեստներում էլ` ընթացքի մեջ են. «Իհարկե դրանք կապված են ֆինանսական բավականին լուրջ ներդրումների հետ, սակայն պահեստներից մի քանիսն արդեն կատարել են այդ ներդրումները և ձեռք են բերել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ»:

«Ձյունիկ սառնարան» մաքսային պահեստում առաջադրված պահանջները կարելի է ասել ամբողջությամբ իրագործվել են. պահեստն ունի էլեկտրոնային կշեռք, ինչպես նաև բեռների զննման «Ռապիսկան» սարքավորում: Այստեղ հստակ առանձնացվել են մաքսային պահեստների տարածքները,  ստեղծվել են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ մաքսային բրոքերների համար: Պահեստին հարակից տարածքում նաև բանկի մասնաճյուղ է բացվել, որպեսզի զննման և ձևակերպումների հետ միաժամանակ` տեղում իրականացվեն նաև բանկային վճարումները, այսինքն, ըստ «Ձյունիկ-սառնարան» ՍՊԸ տնօրեն Լևոն Մարգարյանի, ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները` մեկ վայրում օպերատիվ կերպով համալիր ծառայություն մատուցելու համար` բեռների հայտարարագրումից և բեռների մաքսային զննությունից մինչև դրանց բացթողումը ներառյալ:

«Ձյունիկ»-ում բարեկարգվել է տարածքը, այն բետոնապատվել և պարսպապատվել է: Այստեղ այժմ գործում է նաև հսկիչ անցագրային կետ: Բացի այդ, պահեստում տեղադրվել են տեսախցիկներ, որոնք  միացված են մաքսային ծառայության  կենտրոնական ապարատին:

Աշխատանքներ են տարվել նաև «Ֆիրմա Նյու» մաքսային պահեստում: Այստեղ ևս տեղադրվել են տեսախցիկներ, լուծվել է տարածքի լուսավորության հարցը: Այս պահեստը նույնպես վերազինվել է էլետրոնային կշեռքով և ռենտգենահեռուստատեսային ներսադիտակով: Գործում է մաքսային բրոքերների սենյակը, իսկ մաքսային զննման և ձևակերպումների հետ միաժամանակ` շուտով նույն տեղում կիրականցվեն նաև բանկային վճարումները: Աշխատանքներ են տարվում նաև պահեստների տարածքը մեծացնելու ուղղությամբ: 

«Ապավեն» մաքսային պահեստում տեխնիկական վերազինման աշխատանքներն ընթացքի մեջ են: Շուտով մեծածավալ բեռների զննումը կիրականացվի նոր ձեռք բերված «Ռապիսկան»     սարքավորման միջոցով, որն   արդեն պահեստում է: Ըստ «Ապավեն» ՍՊԸ տնօրեն Գագիկ Աղաջանյանի` պահեստների տարածքը մեծացվել է ավելի քան 1000 քառակուսի մետրով, իսկ մինչև հաջորդ տարեվերջ նախատեսվում է ավելացնել ևս 2000 քառակուսի մետր: Տեղադրված են նաև էլեկտրոնային կշեռքները:  Այժմ այստեղ շինարարություն է ընթանում. կառուցվում է նոր մասնաշենք, որտեղ նաև կտեղակայվեն մաքսային բրոքերների   և մաքսավորների սենյակները: