23 Հունվար 2009
ՀԴՄ-ների ներդրումն այլԵՎս անշրջելի իրողություն է
«ՀԴՄ կտրոններով վիճակահանության անցկացումը նոր գործընթաց է ԵՎ այն հաջող ավարտի հասցնելու համար հասարակության մեջ դրա հետ կապված որԵՎէ մութ, չպարզաբանված հարց չպետք է մնա», -հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
«ՀԴՄ կտրոններով վիճակահանության անցկացումը նոր գործընթաց է և այն հաջող ավարտի հասցնելու համար հասարակության մեջ դրա հետ կապված որևէ մութ,  չպարզաբանված հարց չպետք է մնա», -հունվարի 23-ին  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Վերջինիս խոսքերով, չնայած գործընթացի վերաբերյալ գոյություն ունեցող իրարամերժ  գնահատականներին, Կոմիտեում համոզված են, որ ՀԴՄ-ների ներդրումն այլևս անշրջելի  իրողություն է,  և  այսօր հնարավոր է լուծել տասնյակ տարիներով ձգձգվող խնդիրները` կապված ամբողջ երկրում հաշվառում իրականացնելու հետ:  Այդ գործընթացին, վիճակահանության միջոցով,  միաժամանակ մասնակից է դառնում հասարակությունը` մի կողմից  պահանջելով ՀԴՄ կտրոնները,  մյուս կողմից ներկայացնելով փաստեր  կտրոնների չտրամադրման,  ինչպես նաև տարատեսակ այլ  խախտումների վերաբերյալ: Ի դեպ, վերջին օրերի ընթացքում ՀԴՄ-ների տեղադրման առնչությամբ որոշ տնտեսվարողների բարձրացրած հարցերը  քննարկվել են ինչպես նրանց, այնպես էլ առևտրի կազմակերպման վայրերի կազմակերպիչների հետ: Վերջիններիս հետ հանդիպել է  նաև Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Ա. Ալավերդյանը վստահեցրել է, որ տնտեսվարողները «որևէ իրական հիմք չունեն փողոց  դուրս գալու համար:  Փաթեթն ընդունվել է օգոստոսին,  իսկ մինչ այժմ նրանց նկատմամբ  որևէ վերահսկողական  աշխատանք չի տարվել,  ինչը կանհանգստացներ կամ  դժգոհության տեղիք կտար»: Ընդ որում, ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ ամբողջ աշխարհում հաշվառման այս համակարգն արդեն շուրջ 10 տարի է, ինչ կիրառվում է. «Այս համակարգը մի քանի տարի է, ինչ գործում է նաև ԱՊՀ մյուս բոլոր երկրներում, մինչդեռ Հայաստանում դա նոր է ներդրվում, այն էլ` մի քանի ամսում, ուստի բնական է, որ խնդիրներն ու դժգոհություններն անխուսափելի կլինեին»:

Ա. Ալավերդյանը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի առևտրի կազմակերպման վայրերի տնտեսվարողները բողոքում են, որ   իրենց պարտադրվում է հաշվապահներ պահել. «Երբևէ հարկային մարմինը չի  իրականացրել և չի  իրականացնի  հաշվապահ պահելու պարտադրանք.  դա տնտեսվարողի խնդիրն է»: Ըստ Ա. Ալավերդյանի`  փոքր շրջանառությունների դեպքում տնտեսվարողներն իրենք կարող են հաշվապահություն վարել, իսկ մեծ շրջանառություն ունենալիս բնականաբար կարող է առաջանալ նաև  հաշվապահի կարիք: Սակայն այդ հարցը ևս կարգավորվել է, քանի որ փոքր բիզնեսին աջակցելու նպատակով` կառավարության նախաձեռնությամբ  բացվել է հաշվապահական կենտրոն` որտեղ 11 կազմակերպություններ ծառայություններ են մատուցում դրա անհրաժեշտությունն ունեցող  տնտեսվարողներին. «Ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ տեղեկատվության պակաս կա  և, ինչպես ՊԵԿ նախագահն է վստահեցրել, եթե առևտրի կազմակերպման վայրերի կազմակերպիչները ցանկանան  ուսուցումներ իրականացնել, ապա Պետական եկամուտների կոմիտեի մասնագետներն էլ իրենց հերթին  նրանց կաջակցեն»,-հայտարարել է Ա. Ալավերդյանը` միաժամանակ վստահեցնելով, որ ՀԴՄ-ների ներդրման գործընթացի դրական արդյունքները շուտով առավել ակնհայտ կդառնան, երբ փետրվարին ամփոփվեն ֆինանսական-տնտեսական արդյունքները: ՊԵԿ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ 2009-ի հունվարի արդյունքներն ամփոփելիս`  պարզ կդառնա, որ  այս գործընթացի շնորհիվ  շրջանառությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է, և դա նույնիսկ  տնտեսական ճգնաժամի պայմաններում. «Այսպիսով կաշխատի այն կարգախոսը, որ շահում եք դուք, շահում է պետությունը»:
 
Խախտումների դեմ պայքարին  հասարակությունն ակտիվ  մասնակցություն է ցուցաբերում. խախտումների հետևանքով 13  օբյեկտների գործունեություն արդեն  կասեցվել է
 
Անդրադառնալով վիճակահանության գործընթացի նկատմամբ հասարակության ակտիվությանը` ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը տեղեկացրել է, որ ամեն օր ՊԵԿ հարկային ծառայության «թեժ գծով» ստացվում է շուրջ 100 ահազանգ` կապված կտրոնների չտրամադրման կամ այլ խախտումների հետ: Դրանց առնչությամբ, ըստ Ա. Բեյբությանի, հունվարի սկզբից բացված շուրջ 645 ստուգման հանձնարարականներից 350-ով կազմվել են արձանագրություններ  տարբեր տիպի խախտումների համար: ՀԴՄ կանոնների խախտման 29 դեպք կրկնվել է 2-րդ անգամ և գործող կարգի համաձայն` 13 օբյեկտների գործունեություն արդեն կասեցված է: ՊԵԿ նախագահի տեղակալը վստահեցրել է, որ «խախտումների դեմ պայքարի հարցում  հետևողականությունը պահպանվելու է»:

Քանի որ հաճախ են  դեպքեր արձանագրվում, երբ քաղաքացուն տրամադրվող կտրոնի վրա գումարը մեկ նիշով պակաս է ֆիքսվում, բանախոսները քաղաքացիներին հորդորել են ուշադիր լինել նաև այդ և նման այլ խախտումների նկատմամբ, քանի որ բոնուսային շահումները կախված են լինելու առևտրի գումարի մեծությունից: Այսպես, շահած կտրոնի արժեքի մեջ առկա յուրաքանչյուր 1000 դրամը կարող է հավելյալ 1 տոկոս շահում բերել: Նշվել է նաև, որ վիճակահանությանը մասնակցում են  կտրոնի վրա եղած բոլոր  համարները, քանի որ երկար կտրված կտրոնների վրա  դրանք կարող են լինել մեկից ավել:

Անկանխիկ առևտրի դեպքում ՀԴՄ կտրոնների չտրամադրման վերաբերյալ էլ պարզաբանվել է, որ, թեև փոխանցումով իրականացվող գործարքների դեպքում ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, սակայն խնդրի հետ կապված հնչել են առաջարկություններ և կոմիտեի մասնագետները  դրանք քննարկում են Բանկերի միության հետ: Փորձ է արվում գտնել այնպիսի տարբերակ, որպեսզի վիճակահանությունը տարածվի  նաև անկանխիկ առևտրի վրա: