09 Փետրվար 2009
400 դրամով` կես միլիոն. առաջին 500 հազար դրամը գտավ իր տիրոջը. միայնակ կնոջ համար այդ գումարը փրկություն էր
Գյումրեցի Սվետլանա Մկրտչյանը լրագրողներին դիմավորել է Անի թաղամասի իր փոքրիկ բնակարանում:
Գյումրեցի Սվետլանա Մկրտչյանը լրագրողներին դիմավորել է Անի թաղամասի իր փոքրիկ բնակարանում: Այն գրեթե առանց կահավորանքի էր, տանը թեև փոքրիկ վառարան կար, բայց դրա գոյության մասին, ըստ էության, մոռացել էին. վառելափայտ չկար, փոխարենը սենյակի մի մասը զբաղեցնում էր այդ նպատակով խնամքով հավաքված թղթերի կույտը:

Միայնակ, տարիներ առաջ ամուսնուն կորցրած կինը օրվա ապրուստը վաստակելու համար աշխատանքի է տեղավորվել տեղի դիսպանսերում` որպես հավաքարար: «Պատկերացնու՞մ եք, թե այս պայմաններում ապրող կնոջ համար ինչ  նշանակություն ունի այսպիսի խոշոր շահումը»,-հուզմունքը չի կարողանում թաքցնել տիկին Սվետլանան ու պատմում է. «Վիճակահանության օրը պատրաստեցի բոլոր կտրոնները` դրանք շուրջ 20-ն էին: Երբ տեսա, որ կտրոններից մեկի 7 թվերը համընկնում են, աչքերիս չհավատացի: Զանգահարեցի աղջկաս, նա էլ չհավատաց: Երկուշաբթի շտապեցինք Գյումրիի «Կոնվերս» բանկի մասնաճյուղ, այնտեղ էլ հաստատեցին, որ այդ կտրոնն, իրոք շահել է 500 հազար դրամ: Բանկում պահանջեցին անհրաժեշտ փաստաթղթերն ու հավաստիացրին, որ այդ գումարը կարող եմ ստանալ 3 օրվա ընթացքում»:

Շահող կտրոնը Սվետլանա Մկրտչյանին տրամադրվել էր տեղի խանութներից մեկում` կատարված 400 դրամ արժողությամբ գնումների դիմաց:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատրաստվում հաջողակ քաղաքացին ծախսել խոշոր գումարը, տիկին Սվետլանան անկեղծացավ. «Ճաշասենյակի կահուք կգնեմ, մահճակալ, և որ ամենակարևորն է` բանկից կվերցնեմ ոսկեղենս, որ գրավ եմ դրել պարտքով վերցրած գումարի դիմաց»:

Ս. Մկրտչյանը, սակայն, մտադիր չէ այդքանով սահմանափակվել. «Այսուհետ ևս  կտրոն կպահանջեմ և կսպասեմ վիճակահանությանը, գուցե հաջորդ անգամ էլ լիարժեք միլիոնատեր դառնամ»: