07 Փետրվար 2009
Վիճակահանության շահողներին բանկերում սպասում են փետրվարի 9-ից
Առաջին շահողները շտապել են ACBA-CREDIT AGRICOLE բանկ:
Առաջին շահողները շտապել են ACBA-CREDIT AGRICOLE բանկ
 
Հունվարի 29-ից ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի նախաձեռնած սեմինար-դասընթացները` առևտրային բանկերի  աշխատակիցների համար, շարունակվում են: Դասընթացներին հիմնականում մասնակցում են բանկերի գանձապահները, որոնց պետական եկամուտների կոմիտեի մասնագետները պարզաբանում են վիճակահանության արդյունքում շահած գումարի վճարման կարգը:

Որոշ բանկեր, հաշվի առնելով իրենց մասնաճյուղերի և աշխատակիցների մեծ թվի առկայությունը, առաջարկել են սեմինարներն անցկացնել հենց իրենց բանկերում: ՊԵԿ մասնագետներն ընդառաջում են առաջարկին` հաշվի առնելով նաև այն փաստը, որ առաջին վիճակահանությունն արդեն կայացած է և անհրաժեշտ է, որպեսզի բանկերն ապահովեն անթերի սպասարկում:

Չնայած հանգստյան օրվան, փետրվարի 7-ի սեմինար-դասընթացը կազմակերպվել է ACBA-CREDIT AGRICOLE բանկի Դավիթաշենի մասնաճյուղում, որին մասնակցել են տարբեր, այդ թվում և մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչներ, հիմնականում գանձապահներ:

Դասընթացը դեռ չէր ավարտվել, երբ հայտնվել են շահողներից մի քանիսը: Արթուր Սարգսյանը և Արսեն Անտիկյանը շահել էին 5 հազարական դրամ` առաջին չորս թվերի հաջորդական համընկման արդյունքում: Բանկում նրանց տեղեկացվել է, որ շահումների վճարումը սկսվում է  փետրվարի 9-ից:

Հիշեցնենք, որ  ընթացակարգի համաձայն,  յուրաքանչյուր վիճակահանության արդյունքում շահող կտրոն  ունեցող  քաղաքացիները  բազային պարգևավճար և բոնուս ստանալու համար վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը բանկ են ներկայացնում` դիմում,  ՀԴՄ շահող կտրոնի բնօրինակը,  անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Բանկը օրական կտրվածքով մինչև տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 11.00 էլետրոնային եղանակով կոմիտե է ներկայացնում հաստատված ձևի  գրանցամատյանը, իսկ տվյալ ամսվան հաջորդող ամսվա մինչև 5-րդ աշխատանքային օրը`  նաև կտրոնների բնօրինակները և անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Բանկի պատասխանատու անձը շահումը հանձնում է նշված պահանջներին ներկայացված ՀԴՄ կտրոնի համապատասխանությունը ստուգելուց հետո: Շահած կտրոնների դիմաց վճարումներ իրականացնում են 21 առևտրային բանկեր:

Շահած կտրոնների դիմաց գումարների վճարումը բանկին իրականացվում է կոմիտեի կողմից բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան: