02 Փետրվար 2009
2008թ նվազել է ստուգումների թիվը, իսկ հայտնաբերված գումարներն ավելացել են 30% -ով
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից 2008թ. ընթացքում իրականացվել է 14260 ստուգում, ինչը 362-ով պակաս է եղել 2007 թ.-ի նույն ցուցանիշից:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից 2008թ. ընթացքում իրականացվել է 14260 ստուգում, ինչը 362-ով պակաս է եղել 2007 թ.-ի նույն ցուցանիշից: Պետական եկամուտների կոմիտեի ձևավորումից հետո սկսել է կիրառվել վարչարարական նոր քաղաքականություն` կտրուկ կրճատվել է ստուգումների քանակը, դրան զուգահեռ` բարձրացել է դրանց որակը: Չնայած ստուգումների քանակի կրճատմանը` 30%-ով կամ 8 մլրդ.  611 մլն. 311 հազ. դրամով ավելացել է հայտնաբերված խախտումների արդյունքում պետբյուջե մուտքագրված գումարը` կազմելով 28 մլրդ  166 մլն  094,2 դրամ:

2008թ. 12 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության մասով իրականացված ստուգումները նվազել են 1282-ով` կազմելով 2374, սակայն, դրան զուգահեռ լրացուցիչ հայտնաբեվել է մոտ 8 մլրդ դրամ:
Ելակետային տվյալների 446 ստուգումներով կազմվել է 427 մլն 796 հազար դրամի ակտ, 2007 թ-ի 582 ստուգումով արձանագրված 179 մլն 770,5 հազար դրամի դիմաց:

Շուրջ 580-ով պակաս ստուգում (1047) է իրականացվել հարկային օրենսգրքի 28-րդ հոդվածի մասով և  լրացուցիչ արձանագրվել է շուրջ 3 մլրդ  դրամ:
Ի տարբերություն վերը նշված ստուգումների, 2008-ին ավելացել է ՀԴՄ-ների կիրառման, ապօրինի գործունեության, սոցվճարների և չգրանցված աշխատողների հայտնաբերման ստուգումների թիվը:  Այս  ստուգումների մասով ընդհանուր առմամբ հարկ վճարողներին 226 մլն 545 հազար դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն է առաջադրվել:

Նշենք, որ ՊԵԿ-ը որդեգրել է հարկ վճարողների հետ նախ և առաջ բացատրական եւ իրազեկման աշխատանքներ իրականացնելու ռազմավարություն: Այս նպատակով կենտրոնական ապարատի եւ տարածքային տեսչությունների մակարդակով պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ հարկ վճարողների հետ: Այդ աշխատանքներին զուգահեռ, ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ տարածքային տեսչություններում, իրականացվում են վերլուծական աշխատանքներ, ըստ առանձին ոլորտների վեր են հանվում տարբեր կազմակերպությունների հարկման մակարդակները: Ընթացիկ հսկողական աշխատանքների ժամանակ վերլուծվում եւ հսկողության է ենթարկում նաեւ այդ ամբողջ շղթան: