04 Փետրվար 2009
Ռ. Քոչարյան «Թեժ գծով ստացվող ահազանգերի մեջ աճում են բուժհիմնարկների, սպասարկման կենտրոնների ու փոքր խանութների վերաբերյալ բողոքները» Նոր մարտավարություն` նոր հասցեների ուղղությամբ
«Եթե տնտեսվարողը խախտում է արել, ուրեմն նա, միանշանակ, մեր տեսադաշտում է ԵՎ պատժվում է»,- լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ հայտարարել ու հիշեցրել է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի ՀԾ ներքին դիտարկումների ԵՎ վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Քոչարյանը:
«Եթե տնտեսվարողը խախտում է արել, ուրեմն նա, միանշանակ, մեր տեսադաշտում է և պատժվում է»,- լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ հայտարարել ու հիշեցրել է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի ՀԾ ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Քոչարյանը:

Այս կարճ ժամանակահատվածում` հունվարի 8-ից, հարկային տեսուչները գնացել են ավելի քան 700 ահազանգերի հետքերով` այդպիսով անմիջապես արձաքանքելով «Թեժ գծին» վստահած քաղաքացիների բողոքներին: Մեծամասամբ հենց նրանք են հարկային մարմիններին տեղյակ պահել այս կամ այն առևտրի, սպասարկման  օբյեկտներում տիրող իրավիճակի մասին, որտեղ, քաղաքացիների տվյալներով, կամ ՀԴՄ կտրոն չի տրամադրվել, կամ էլ կտրոնի վրա կատարված առևտրի իրական թիվը չի նշվել: Արդյունքում, այդ ահազանգողների շուրջ 10 տոկոսը դարձյալ հավաքել է հարկայինի «Թեժ գծի» համարը` միայն թե արդեն շնորհակալություն հայտնելու համար:

«Ընդհանուր առմամբ ստուգումները  ցույց են տալիս, որ կա կազմակերպությունների խումբ, որը պարտաճանաչորեն գործում է օրենքի շրջանակներում` կատարելով բոլոր պահանջները: Բայց դրան զուգահեռ կազմակերպությունների մեկ այլ խումբ էլ խախտում կատարելու նոր մեթոդ է մշակել` օրենքը խախտելով, ասենք, գիշերային ժամերին: Հարկային մարմինները, սակայն, բացահայտել են այդ մարտավարությունը` ոչ աշխատանքային ժամերին գիշերային ստուգայցերի միջոցով»,- տեղեկացրել է Ռ.Քոչարյանը:

ՀԾ ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության աշխատակիցները միաժամանակ նկատել են` լուրջ խնդիրներ կան փոքր խանութներում. «Վաճառողին լավ ճանաչող, տվյալ շրջակայքում բնակվող  գնորդն անհարմար է զգում պահանջել կտրոնը, վաճառողն էլ, իհարկե, այն չի տրամադրում: Այս հարցը ևս կարգավորման փուլում է»:

ՀԾ ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Քոչարյանի տվյալներով, այս փուլում խնդիրներ են  առաջանում նաև սպասարկման ոլորտներում` գեղեցկության սրահներ, կենցաղսպասարկման, սննդի կետեր, բուժհիմնարկներ և այլն: «Նույն կենտրոնից, կետից կամ հիմնարկից  մշտապես օգտվող քաղաքացու համար դժվար է ոչ միայն կտրոն պահանջելը, այլ նաև «Թեժ գծին» զանգելն ու բողոքելը: Այս առումով ևս մենք լուրջ նախապատրաստական աշխատանք ենք տանում, վստահ ենք, որ կհաջողվի այդ խնդրին ևս վերջակետ դնել»:

Բողոքների մի մասն էլ վերաբերում է կտրոնի վրա սխալ` ավելի փոքր թիվ նշելուն. որոշ դեպքերում  կատարվում է ավելի մեծ գումարի գնում, քան կտրոնի վրա  է նշվում: Խախտում կատարելու այդ մեթոդն ընտրած տնտեսվարողներին Ռ.Քոչարյանը մեկ անգամ ևս հիշեցնում է. «Զգուշացեք, Պետեկամուտների կոմիտեն այս ուղղությամբ ևս շատ հետևողական աշխատանք է տանում, հարկայինի տեսադաշտից ոչ մի իրավախախտ դուրս չի մնալու»:

Տարածքային բոլոր ստորաբաժանումները վերջին խորհրդակցության ժամանակ լսել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի խիստ հանձնարարականը` հետևողական լինել յուրաքանչյուր ահազանգի դեպքում: «Եթե տվյալ տարածքի տեսուչը թերանում է իր գործում, ուրեմն պետք է ենթարկվի պատասխանատվության, դա է պահանջը»: