30 Հունվար 2009
Հայաստանը` «Կոլումբոս» ծրագրի շահառու
Համաշխարհային մաքսային կազմակերպությունը «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում հունվարի 19-ից 30-ը Հայաստանում իրականացնում է դիագնոստիկ առաքելություն
Համաշխարհային մաքսային կազմակերպությունը «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում հունվարի 19-ից 30-ը Հայաստանում իրականացնում է դիագնոստիկ առաքելություն
 
«Կոլումբոս» ծրագիրը Համաշխարհային մաքսային կազմակերպությունն իրականացնում է 2006թ. հունվարի 1-ից: Ծրագրի նպատակն է` օգնել ՀՄԿ անդամ-պետություններին Համաշխարհային առևտրի անվտանգության  և պարզեցման չափանիշների ներդրման հարցում: Ծրագիրը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլը ենթադրում է դիագնոստիկ ուսումնասիրության անցկացում, որի ընթացքում գնահատվում են տվյալ պետության մաքսային ծառայության բարեփոխման և կատարելագործման հնարավորությունները, արդյունքում` մշակվում է կոնկրետ ռազմավարական ծրագիր: Երկրորդ փուլը նախատեսում է գործողությունների և բարեփոխումների ծրագրի նախապատրաստում, քաղաքական աջակցության ապահովում, ֆինանսական աջակցություն, համապատասխան դոնորների որոնում և ծրագրի ամբողջական իրագործում: Երրորդ փուլում իրականացվում է մոնիթորինգ  և արդյունքների գնահատում:

ՀՄԿ 173 անդամ պետություններից 110 պետությունների մաքսային ծառայություններ արդեն «Կոլումբոս» ծրագրի շահառուներ են: Ինչ վերաբերում է Եվրոպական տարածաշրջանին, ապա ՀՄԿ անդամ 50 պետությունների գերակշռող մասն արդեն ստորագրել են Համաշխարհային անվտանգության և պարզեցման չափանիշների ներդրման  պատրաստակամության մասին հայտարարագիրը: Ընդ որում, դրանցից մի մասում արդեն սկսվել է իրականացվել «Կոլումբոսի» առաջին փուլը:

«Կոլումբոս» ծրագրի առաջին փուլը մեկնարկել է նաև Հայաստանում. Համաշխարհային մաքսային կազմակերպության դիագնոստիկ առաքելությունն այստեղ անցկացվում է հունվարի 19-ից 30-ը:

Այցի շրջանակներում ՀՄԿ փորձագետները հանդիպել են նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Ողջունելով հյուրերին` նա շնորհակալություն է հայտնել հայկական կողմի հրավերին արագ արձագանքելու համար. «Կոմիտեն կարևորում է մաքսային ընթացակարգերի պարզեցման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը և պարբերաբար մասնակցում է դրանց: Քանի որ այցի ընթացքում դուք եղել եք մաքսակետերում, տեղում ծանոթացել մաքսային ընթացակարգերին և մաքսային մարմինների աշխատաոճին, կարծում եմ` արդեն բավականչափ տեղեկացված եք Հայաստանի մաքսային համակարգից և ձեր առաջադեմ փորձով կնպաստեք դրա կատարելագործմանը»:

ՀՄԿ փորձագետները նշել են, որ մաքսակետեր այցելությունների ընթացքում հետաքրքրիր քննարկումներ են ունեցել համակարգի ռամավարության, ընթացակարգերի, տեխնիկական վերազինման և աշխատաոճի վերաբերյալ, որոնք կարտացոլվեն նրանց ամփոփիչ զեկույցում: 

Փորձագետների խմբի ղեկավար Քրիստիան Անդրեասենը, նկատելով, որ Պետեկամուտների կոմիտեն առավել արդյունավետ գործելու մեծ ներուժ ունի, ՀՄԿ-ի կողմից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանի մաքսային համակարգին` հատկապես մաքսանենգության դեմ պայքարի հարցում: ՀՄԿ ներկայացուցիչը կարևորել է մասնավորապես կեղծված դեղորայքի և անորակ սարքավորումների շրջանառության դեմ պայքարը. «Կարծում եմ` հարկային-մաքսային համակարգերի միավորված գործելը ավելի կբարձրացնի աշխատանքների արդյունավետությունը: Քանի որ իմ երկրում էլ մաքսայինն ու հարկայինը գործում են մեկ կառույցի ներսում, ուստի ինքս շատ լավ պատկերացնում եմ դրա առավելությունները և պատրաստ եմ իմ փորձը կիսել ձեզ հետ: Նշեմ, որ մաքսայինն այսօր դիտվում է ոչ միայն  որպես հարկահավաք մարմին, այլև մեծ դերակատարում ունի տնտեսական անվտանգության և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովման գործում: Պատահական չէ, որ ԱՄՆ-ում, օրինակ, հենց այս կառույցին է տրվում ամենամեծ նշանակությունը սահմանների պաշտպանության հարցում: Ըստ իս` այստեղ հարկային և մաքսային համակարգերը զարգացման ամուր հիմք ունեն ինչպես տեխնիկական վերազինման, այնպես էլ աշխատաոճի և ընթացակարգերի արդյունավետության պարձրացման առումով»: Ք. Անրդրեասենը կարևորել է նաև մաքսային մարմինների` նախապես տեղեկացված լինելու հանգամանքը, քանի որ այդպիսով հնարավոր է կանխել բազմաթիվ տնտեսական հանցագործություններ` առավել արդյունավետ պատրաստվելով զննման գործընթացին:

Ի դեպ, Հայաստան ժամանած ՀՄԿ երկու ներկայացուցիչներն էլ` Քրիստիան Անդրեասենն ու Ռիա Քերմինեն, ընդգրկված են Եվրամիության կողմից նոր կանոնակարգի մշակման գործընթացում, որը պետք է նպաստի մաքսային ծառայությունների տեխնիկական վերազինմանն ու ընթացակարգերի պարզեցմանը:
ՀՀ ՊԵԿ մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչության պետ Կարեն Բեգլարյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները երկշաբաթյա այցի ընթացքում արդեն հանդիպել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մի շարք ստորաբաժանումների ղեկավարների` այդ թվում ռազմավարական պլանավորման, մաքսանենգության դեմ պայքարի, նախաբացթողումային հսկողության, օրենսդրության, արտաքին կապերի, ներքին դիտարկումների և  հսկողության, անձնակազմի կառավարման և այլ ոլորտների պատասխանատուների հետ: Փորձագետներն այցելել են նաև մաքսակետեր, տեղում ուսումնասիրել ներմուծման և արտահանման ընթացակարգերը, զրուցել  աշխատակիցների հետ:

Կ. Բեգլարյանի խոսքով` ՀՄԿ փորձագետները դրական են գնահատել համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը` այդ թվում առաջիկա տարիների համար մշակված ռազմավարությունը: