05 Փետրվար 2009
Համաշխարհային բանկի ԵՎ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները` Պետական եկամուտների կոմիտում
Պետական եկամուտների կոմիտեն այսօր հյուրընկալել էր Արժույթի միջազգային հիմնադրամի ԵՎ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:
Պետական եկամուտների կոմիտեն այսօր հյուրընկալել էր Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Աշխատանքային հանդիպման ժամանակ մասնավորապես քննարկվել են  հարկային-մաքսային համակարգերում ծավալվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները: Հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մտադիր են երկշաբաթյա առաքելության ընթացքում քննարկել հարկային-մաքսային վարչարարության հետ կապված տարբեր հարցեր և անհրաժեշտության դեպքում աջակցել մասնագիտական խորհրդատվությամբ:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումներից 30-նն արդեն ամբողջությամբ իրականացվել են 2008-ին, իսկ 49-նն ընթացքի մեջ է: Դրանցից 30 միջոցառում միայն հարկային ոլորտի մասով նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ. «Այս տարի մեծ ուշադրություն ենք դարձնելու Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության գործառույթներին, քանի որ խիստ կարևորում ենք այդ տեսչության աշխատանքների ճիշտ կազմակերպումը: Տեղեկացնեմ նաև, որ իրագործման փուլում գտնվող օպտիմալացման ծրագրի շրջանակներում արդեն իսկ 14 հարկային տեսչություն վերամիավորվել է. 3-ը Երևանում, 11-ը` մարզերում»: Գ. Խաչատրյանի հավաստմամբ` օպտիմալացման նպատակն է նաև համակարգը համալրել բանիմաց մասնագետներով: Այսինքն` օպտիմալացման արդյունքում աշխատանքը կշարունակեն լավագույն կադրերը, իսկ թափուր պաշտոններում կընդգրկվեն նաև «Հարկային և մաքսային գործ» ուսումնական ծրագրերում լավագուն ցուցանիշներ դրսևորած երիտասարդ կադրերը:

Ի դեպ, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին հետաքրքրում էր, թե ինչպես է ՊԵԿ ղեկավարությունը գնահատում բյուջեի կատարման ընթացքը, ինչի կապակցությամբ Գ. Խաչատրյանը հայտնել է, որ թեպետ տնտեսական ճգնաժամը իր բացասական ազդեցությունն  է ունեցել   ներմուծման ծավալների վրա, սակայն բացը փորձ է արվում լրացնել` ստվերը հարկային դաշտ բերելով: Հատկապես լավագույն արդյունքներ են ակնկալվում ՀԴՄ-ների ներդրման և դրանց կտրոններով վիճակահանության կազմակերպման արդյունքում. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն վերջին երկու օրվա շրջանառության ծավալները մեծացել են 5-10 անգամ»,-հավաստիացրել է Գ. Խաչատրյանը: Կոմիտեի նախագահը կարևորել է նաև հարկային համակարգում էլեկտրոնային կառավարման ինստիտուտի ներդրումը. գործընթացը նախատեսվում է սկսել տարվա կեսից: Այդպիսով ձեռնարկություններին հնարավորություն կընձեռվի իրենց գրասենյակներից ներկայացնել հաշվետվությունները: 

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն էլ, ներկայացնելով առաջիկա անելիքները, տեղեկացրել են, որ իրենց հիմնական նպատակն է` որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկա 3 տարիների` բարեփոխումների մի շարք ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել, թե մաքսային-հարկային համակարգերում հատկապես որ ոլորտներում է մասնագիտական խորհրդատվության կարիք զգացվում: Ի դեպ ՀԲ մաքսային հարցերով փորձագետը, տեղեկացնելով, որ սա արդեն իր 24-րդ այցն է Հայաստան, ներկայացրել է իր դիտարկումների արդյունքները. «Կարող եմ ասել, որ ձեր համակարգն արդեն հասել է մի կետի, երբ բարեփոխումներ  իրականացնելու խոստումներն ու դրանց իրագործումը բավականին մոտ են միմյանց, քանի որ առկա է համապատասխան  կամքն ու տրամադրվածությունը»: Փորձագետի գնահատմամբ` հատկապես վերջին 5-6 ամիսների ընթացքում առավել արագացել է բարեփոխումների իրականացման տեմպը: Նկատելի են դրական արդյունքներ հատկապես մաքսային ընթացակարգերի, ինքնահայտարարագրման, օրենսդրության կատարելագործման ոլորտներում: