25 Հունիս 2019
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ ԵՎ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին
Ստորագրվել է 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին:

Նիստերի ընթացքում ստորագրվել է ընդհանուր առմամբ 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ: Մասնավորապես, ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին ստորագրվել են ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի ստեղծման, մաքսային տարանցման ժամկետի սահմանման միասնական մոտեցումների մշակման վերաբերյալ որոշումներ: 31-րդ նիստին ստորագրվել են նաև ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման, անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների խախտման դեպքերը բացառելու նպատակով մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի ավարտման մասով լրացուցիչ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումներ: 

Իսկ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին ստորագրվել են ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների համար անձնակազմի նախապատրաստման, մաքսային մարմինների և երկաթուղային փոխադրողների համագործակցության, բեռնատրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման վերաբերյալ որոշումներ: Քննարկվել են նաև լիազորված տնտեսական օպերատորի կողմից առաջնահերթության կարգով իրականացվող մաքսային գործառնությունների, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի կնքման հետ կապված որոշ հարցեր: