Երրորդ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

«Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 30)

Մաքսային ընթացակարգ, որով ձևակերպվելիս օտարերկրյա ապրանքները գտնվում և օգտագործվում են Մաքսային միության մաքսային տարածքում՝ առանց դրանց օգտագործման և տնօրինման սահմանափակումների, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության մաքսային օրենսգրքով:

Ապրանքները «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են հետևյալ պայմանների կատարման պարագայում՝
1) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարում, եթե մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով սակագնային առանձնաշնորհումներ, արտոնություններ սահմանված չեն,
2) արգելքների և սահմանափակումների պահպանում,
3) հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետ կապված սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերի ներկայացում:

Նշված պայմանները կատարելիս ապրանքը ձեռք է բերում Մաքսային միության ապրանքի կարգավիճակ:


«Արտահանում» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 31)

Մաքսային ընթացակարգ, որով Մաքսային միության ապրանքները դուրս են բերվում Մաքսային միության մաքսային տարածքից և նախասահմանվում են դրա սահմաններից դուրս մշտապես գտնվելու համար:
Ապրանքները «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են հետևյալ պայմանների կատարման պարագայում՝
1) արտահանման մաքսատուրքերի վճարում, եթե արտահանման մաքսատուրքերի վճարման համար արտոնություններ սահմանված չեն,
2) արգելքների և սահմանափակումների պահպանում,
3) ապրանքի ծագման մասին հավաստագրի տրամադրում այն ապրանքների դեպքում, որոնք ներառվել են Մաքսային միության անդամ պետությունների՝ երրորդ երկրների նկատմամբ արտահանման մաքսատուրքերի կիրառման հետ կապված հարցերը կարգավորող միջազգային պայմանագրերին համապատասխան Մաքսային միության հանձնաժողովի կողմից ձևավորվող ապրանքների համահավաք ցանկում:
«Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և փաստացիորեն Մաքսային միության մաքսային տարածքից արտահանված ապրանքները կորցնում են Մաքսային միության ապրանքի կարգավիճակը:

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 32)
Մաքսային ընթացակարգ, որով ապրանքները տեղափոխվում են Մաքսային միության մաքսային տարածքով՝ մաքսային հսկողության ներքո, այդ թվում՝ Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով, ուղարկող մաքսային մարմնից մինչև նշանակման մաքսային մարմին՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, արգելքների և սահմանափակումների կիրառմամբ, բացառությամբ ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների:

Մաքսային տարանցումը կիրառվում է հետևյալ ապրանքները տեղափոխելիս՝

1) օտարերկրյա ապրանքները՝ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին,
2) օտարերկրյա ապրանքները՝ ժամանման վայրի մաքսային մարմնից ներքին մաքսային մարմին,
3) օտարերկրյա ապրանքները, ինչպես նաև Մաքսային միության ապրանքները, եթե դա նախատեսված է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 5-րդ մասով, ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին,
4) օտարերկրյա ապրանքները՝ մեկ ներքին մաքսային մարմնից մեկ այլ ներքին մաքսային մարմին,
5) Մաքսային միության ապրանքները մեկնման վայրի մաքսային մարմնից մինչև ժամանման վայրի մաքսային մարմին Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով:

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 33)
Մաքսային ընթացակարգ, որով օտարերկրյա ապրանքները մաքսային հսկողության ներքո պահվում են մաքսային պահեստում սահմանված ժամկետի ընթացքում՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով կարող է ձևակերպվել ցանկացած օտարերկրյա ապրանք, բացառությամբ՝ 

այն ապրանքների, որոնց պիտանիության և (կամ) իրացման ժամկետը «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով դրանց մաքսային հայտարարագրման օրվա դրությամբ կազմում է մինչև 180 (հարյուր ութսուն) օրացուցային օր,
այն ապրանքների, որոնց ցանկը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
Մաքսային պահեստում ապրանքների պահպանության ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին՝ ապրանքները «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:
Սահմանափակ պիտանիության և (կամ) իրացման ժամկետ ունեցող ապրանքները պետք է այլ մաքսային ընթացակարգով ձևակերպվեն ոչ ուշ, քան նշված ժամկետը լրանալուց 180 (հարյուր ութսուն) օրացուցային օր առաջ: 

«Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 34)

Մաքսային ընթացակարգ, որով օտարերկրյա ապրանքներն օգտագործվում են սահմանված ժամկետներում Մաքսային միության մաքսային տարածքում վերամշակման գործողություններ կատարելու համար՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու, ինչին հաջորդում է վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների արտահանումը Մաքսային միության մաքսային տարածքից:
Ապրանքների ձևակերպումը «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով թույլատրվում է պայմանով, որ՝
1) ներկայացվում է Մաքսային միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված և Մաքսային միության մաքսային օրենսգրքի 244-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող՝ մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ: Եթե ապրանքները «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակը դրանց վերանորոգումն է, ապա որպես նշված փաստաթուղթ՝ հայտարարատուն իրավունք ունի օգտագործելու մաքսային հայտարարագիրը: 
2) մաքսային մարմինների կողմից հնարավոր լինի օտարերկրյա ապրանքների նույնականացումը վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներում՝ բացառությամբ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 248-րդ հոդվածին համապատասխան համարժեք ապրանքներով փոխարինման դեպքերի:


«Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 35)


Մաքսային ընթացակարգ, որով Մաքսային միության ապրանքներն արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից՝ սահմանված ժամկետներում Մաքսային միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողություններ կատարելու նպատակով՝ արտահանման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու, ինչին հաջորդում է վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք:

Ապրանքների՝ «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը թույլատրվում է պայմանով, որ՝

1) ներկայացվի Մաքսային միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված և Մաքսային միության մաքսային օրենսգրքի 257-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող՝ մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ: Եթե ապրանքները «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակը դրանց վերանորոգումն է, ապա որպես նշված փաստաթուղթ՝ կարող է օգտագործվել մաքսային հայտարարագիրը:
2) մաքսային մարմինների կողմից հնարավոր լինի Մաքսային միության ապրանքների նույնականացումը վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներում՝ բացառությամբ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 259-րդ հոդվածին համապատասխան վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները օտարերկրյա ապրանքներով փոխարինման դեպքերի:


«Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 36)

Մաքսային ընթացակարգ, որի դեպքում օտարերկրյա ապրանքները, Մաքսային միության մաքսային տարածքում, սահմանված ժամկետներում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման, օգտագործվում են վերամշակման գործողություններ կատարելու համար՝ արգելքների և սահմանափակումների, ինչպես նաև հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետ կապված սահմանափակումների կիրառմամբ, վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները հետագայում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով՝ վճարելով ներմուծման մաքսատուրքեր այն դրույքաչափերով, որոնք կիրառվում են վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ:

Ապրանքների՝ «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը թույլատրվում է պայմանով, որ՝
1) ներկայացվում է Մաքսային միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված և Մաքսային միության մաքսային օրենսգրքի 269-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող՝ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը,
2) առկա է մաքսային մարմինների կողմից օտարերկրյա ապրանքների նույնականացման հնարավորությունը դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներում,
3) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների համար վճարման ենթակա՝ ներմուծման մաքսատուրքերի գումարներն ավելի քիչ են, քան այն գումարները, որոնք պետք է վճարվեին օտարերկրյա ապրանքները «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվա դրությամբ, եթե դրանք ձևակերպվեին «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով,
4) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նախնական վիճակը չի կարող վերականգնվել տնտեսապես շահավետ եղանակով:

«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 37)

Մաքսային ընթացակարգ, որի դեպքում օտարերկրյա ապրանքներն օգտագործվում են Մաքսային միության մաքսային տարածքում, սահմանված ժամկետում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից պայմանական (լրիվ կամ մասնակի) ազատմամբ և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման՝ հետագայում դրանք «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:
Ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում, ինչպես նաև այդպիսի ազատման պայմանները՝ ներառյալ դրա վերջնաժամկետները, սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և (կամ) Մաքսային միության հանձնաժողովի որոշումներին համապատասխան:
Այն ապրանքների նկատմամբ, որոնց համար չի տրամադրվում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման պայմանները չկատարելու դեպքում, կիրառվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատում:

Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատման դեպքում՝ Մաքսային միության մաքսային տարածքում ապրանքների գտնվելու յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ օրացուցային ամսվա համար վճարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարի երեք տոկոսը, որը վճարման ենթակա կլիներ, եթե ապրանքները ձևակերպվեին «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ այդ ապրանքները «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագրի գրանցման օրը:

«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով չի թույլատրվում ձևակերպել.

1) սննդամթերքը, խմիչքները՝ ներառյալ ալկոհոլային խմիչքները, ծխախոտը և ծխախոտային արտադրատեսակները, հումքը և կիսաֆաբրիկատները, ծախսվելիք նյութերը և նմուշները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ներմուծվում են մեկ օրինակից՝ գովազդային և (կամ) ցուցադրության նպատակներով կամ՝ որպես ցուցանմուշներ կամ արդյունաբերական նմուշներ,
2) թափոնները՝ ներառյալ արտադրական թափոնները,
3) Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման համար արգելված ապրանքները:


«Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 38)

Մաքսային ընթացակարգ, որի դեպքում մաքսային միության ապրանքներն արտահանվում և օգտագործվում են Մաքսային միության մաքսային տարածքից դուրս, սահմանված ժամկետում՝ արտահանման մաքսատուրքերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման՝ հետագայում դրանք «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:
«Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով չի թույլատրվում ձևակերպել.
1) սննդամթերքը, խմիչքները՝ ներառյալ ալկոհոլային խմիչքները, ծխախոտը և ծխախոտային արտադրատեսակները, հումքը և կիսաֆաբրիկատները, ծախսվելիք նյութերը և նմուշները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք արտահանվում են մեկ օրինակից՝ գովազդային և (կամ) ցուցադրության նպատակներով կամ՝ որպես ցուցանմուշներ կամ արդյունաբերական նմուշներ,
2) թափոնները՝ ներառյալ արտադրական թափոնները,
3) Մաքսային միության մաքսային տարածքից արտահանման համար արգելված ապրանքները:

«Վերաներմուծում» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 39)

Մաքսային ընթացակարգ, որի դեպքում Մաքսային միության մաքսային տարածքից ավելի վաղ արտահանված ապրանքները հետ են ներմուծվում Մաքսային միության մաքսային տարածք Մաքսային միության մաքսային օրենսգրքի 293-րդ հոդվածին համապատասխան սահմանված ժամկետներում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:
Ապրանքները «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում տեղեկություններ Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման հանգամանքների մասին, ինչպես նաև տեղեկություններ՝ ապրանքների վերանորոգման հետ կապված գործողությունների մասին, եթե ապրանքները այդպիսի գործողությունների են ենթարկվել Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:
«Վերաարտահանում» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 40)

Մաքսային ընթացակարգ, որի դեպքում Մաքսային միության մաքսային տարածք ավելի վաղ ներմուծված ապրանքները կամ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները, որոնք ձևակերպվել են «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով, այդ տարածքից արտահանվում են առանց ներմուծման մաքսատուրքերի գումարների վճարման և (կամ) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարված գումարների վերադարձմամբ և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

«Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 41)

Մաքսային ընթացակարգ, որի դեպքում ապրանքները վաճառվում են մանրածախ առևտրի ձևով անմաքս առևտրի խանութներում Մաքսային միության մաքսային տարածքից մեկնող ֆիզիկական անձանց կամ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դիվանագիտական գործակալներին, հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց հետ ապրող՝ իրենց ընտանիքների անդամներին՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:
Որպես «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ միայն այն անմաքս առևտրի խանութի տիրապետողը, որտեղ նախատեսվում է իրականացնել այդ ապրանքների վաճառքը:
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի 3-րդ հավելվածի 27-րդ կետի համաձայն՝ նշված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն մեկնող՝ օդանավերի ուղևորները, իրենց նստեցման կտրոնները ներկայացնելուց հետո կարող են Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված անմաքս առևտրի խանութներից ձեռք բերել՝
«Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ` հետագայում անմաքս առևտրի խանութի տիրապետողի կողմից ներմուծման մաքսատուրք վճարելու և այն բաշխելու պայմանով, 
«Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված Եվրասիական տնտեսական միության ապրանքներ:

«Ոչնչացում» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 42)

Մաքսային ընթացակարգ, որի դեպքում օտարերկրյա ապրանքները ոչնչացվում են մաքսային հսկողության ներքո՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:
Ապրանքների՝ «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը թույլատրվում է համապատասխան պետական լիազորված մարմնի կողմից Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված՝ ոչնչացման հնարավորության մասին եզրակացության հիման վրա, որտեղ նշվում է ոչնչացման եղանակը և վայրը:
Եզրակացությունը չի պահանջվում այն դեպքերում, երբ ապրանքներն անվերադարձ կորել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով: Այդ ապրանքների՝ «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման համար պետք է ներկայացվեն վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ապրանքների անվերադարձ կորստի փաստը հաստատող փաստաթղթեր: 

«Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգ (Մաքսային միության մաքսային օրենսգիրք, գլուխ 43)

Մաքսային ընթացակարգ, որի դեպքում օտարերկրյա ապրանքներն անհատույց հանձնվում են Մաքսային միության անդամ պետության սեփականությանն առանց մաքսային վճարների վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:
«Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքի կարգավիճակ:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգ («Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր)

Մաքսային ընթացակարգ, որի դեպքում ապրանքները տեղադրվում և օգտագործվում են ազատ տնտեսական գոտու տարածքում կամ դրա մի մասում՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու, ինչպես նաև օտարերկրյա ապրանքների նկատմամբ առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման և Մաքսային միության ապրանքների նկատմամբ առանց արգելքների և սահմանափակումների կիրառման:
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կարող է կիրառվել ազատ տնտեսական գոտու տարածքում կամ դրա տարածքի մի մասում:
Այն ապրանքները, որոնք ներմուծվել են ԱՏԳ-ի տարածք, որտեղ կիրառվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, և ձևակերպվել են «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, համարվում են Մաքսային միության մաքսային տարածքից դուրս գտնվող ապրանքներ՝ մաքսատուրքերի, հարկերի, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակներով: 
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չեն կարող ձևակերպվել Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման համար արգելված ապրանքները և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանման համար արգելված ապրանքները:

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգ («Ազատ պահեստների և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր)

Մաքսային ընթացակարգ, որի դեպքում ապրանքները տեղավորվում և օգտագործվում են ազատ պահեստում առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, ինչպես նաև առանց օտարերկրյա ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների և առանց Մաքսային միության ապրանքների նկատմամբ արգելքների ու սահմանափակումների կիրառման:
«Ազատ պահեստ» ընթացակարգով չեն կարող ձևակերպվել այն ապրանքները, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է, ինչպես նաև այն ապրանքները, որոնց արտահանումը Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արգելված է:
«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել նախկինում այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ:
«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուն կարող է լինել ազատ պահեստի տիրապետողը: Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են լրացուցիչ սահմանվել այլ անձինք, որոնք իրավունք ունեն հանդես գալու որպես «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու: