Ապրանքների «Ժամանակավոր ներմուծման / արտահանման» մաքսային ռեժիմների մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգման ընթացակարգ

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ-ՔԱՐՏԵԶ
«Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով մեկ տարուց ավելի ժամկետով ՀՀ ներմուծված/արտահանված ապրանքների համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգման թույլտվության ստացման համար (ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1119-ն որոշում)

1

Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` անձ) կարող է դիմել համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետը մեկ տարվանից ավելի ժամկետով երկարաձգելու թույլտվություն ստանալու համար, եթե ապրանքն արդեն իսկ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի շրջանակներում գտնվում է ՀՀ մաքսային տարածքում (տարածքից դուրս)` ունենալով համապատասխան մաքսային ռեժիմի համար մինչև մեկ տարի ժամկետով թույլտվություն:

2

Թույլտվություն ստանալու համար դիմումը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում տվյալ ապրանքի` համապատասխան մաքսային ռեժիմի թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ:

3

Դիմումին կից պետք է ներկայացվեն`

1. տեղեկատվություն ապրանքի մասին.
2. մաքսային հայտարարագրի պատճենը,
3. պայմանագրի պատճենը (առկայության դեպքում), իսկ ԱՏԳԱԱ   84-89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար` ֆինանսական վարձակալության պայմանագրի պատճենը.
4. հիմնավորում` մեկ տարվանից ավելի ժամկետով երկարաձգման անհրաժեշտության վերաբերյալ
5. ծրագրի նկարագիրը.
6. այլ տեղեկություններ (դիմողի հայեցողությամբ):

4

Դիմումը ՀՀ կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է ՀՀ ֆինանսների նախարարություն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` կարծիքի, և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` եզրակացության:

5

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գնահատում են ծրագիրը՝ համաձայն հետևյալ չափորոշիչների`
1. իրատեսականություն և հեռանկարայնություն (9).
2. ռիսկայնության աստիճան (6).
3. տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն (5).
4. զբաղվածության ընդլայնում (8).
5. նորարարություն և մրցակցային առավելություն (5).
6. արտահանման ուղղվածություն կամ ներմուծման փոխարինում (9).
7. արտադրողականություն (5).
8. կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքների կիրառում (կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրի առկայություն) (2):

6

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 7-օրյա ժամկետում պատրաստում է եզրակացություն` ամփոփելով ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գնահատման արդյունքները: Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն

7

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրական կամ բացասական եզրակացության հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

8

ՀՀ կառավարության համապատասխան որոշումն ստանալու պահից 5-օրյա ժամկետում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է դիմողին: Ներդրումային ծրագրերի շրջանակներում համապատասխան մաքսային ռեժիմով ժամկետի երկարաձգման թույլտվություն ստացած անձը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն՝ յուրաքանչյուր կիսամյակ` մինչև համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը: