«ՀՀ բնակության ժամանող (վերադարձող) ֆիզիկական անձանց համար» ուղեցույց

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀՀ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՈՂ (ՎԵՐԱԴԱՐՁՈՂ) ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Հարգելի քաղաքացիներ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելիս (ՀՀ վերադառնալիս)՝ Դուք կարող եք օգտվել Ձեր կողմից ՀՀ տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի արտոնություններից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման և պայմանների բավարարման դեպքում։
Հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատման արտոնություններ (այսուհետ՝ արտոնություն) ՀՀ մշտական բնակության ժամանող օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ օտարերկրյա պետությունում 12 ամսից ոչ պակաս բնակված ՀՀ ֆիզիկական անձանց համար։

Տեղեկացնում ենք նաև, որ, ՀՀ տարածք ժամանելիս, Դուք կարող եք օգտվել այդ արտոնություններից միայն մեկից։

Խնդրում ենք, ծանոթանալ արտոնությունների տրամադրման օրենսդրական հիմքերին, պարզելու համար, թե օրենսդրությամբ նախատեսված որ  արտոնության շրջանակներում կարող եք ներմուծել Ձեր անձնական օգտագործման ապրանքները, հետագայում՝ Ձեր կողմից ՀՀ տեղափոխված անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուքեր, հարկեր վճարելու անհարկի պարտավորության առաջ չկանգնելու համար։

Ստորև ներկայացված են վերը հիշատակված արտոնություններից օգտվելու օրենսդրական նախապայմանները։

  • Արտոնություն ՀՀ մշտական բնակության ժամանող անձ ճանաչված անձանց համար

 Սույն արտոնությունից կարող է օգտվել ՀՀ տարածք ժամանող օտարերկրյա ֆիզիկական անձը, ով միաժամանակ բավարարում է հետևյալ պահանջներին.

  1. «ՀՀ մշտական բնակության ժամանման օրվան1» նախորդող ժամանակահատվածում  առնվազն հինգ տարի անընդմեջ (այսինքն՝ դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 184 օր և ավելի) բնակվել է ՀՀ տարածքից դուրս;
  2. ունի Հայաստանի Հանրապետության և իր վերջին բնակության երկիր հանդիսացող օտարերկրյա պետության լիազոր մարմինների կողմից տրամադրած՝ մշտական բնակության իրավունքը հաստատող, օրենսդրությամբ նախատեսված, փաստաթղթեր2։ Օրինակ՝ անձնագիր, մշտական կացության քարտ և այլն;
  3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան՝ ՀՀ ժամանելուց հետո 180 օրվա ընթացքում «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվառվել է ՀՀ բնակության վայրի հասցեում, կամ դիմել ՀՀ մաքսային մարմիններին;
  4. նախկին բնակության երկրից անձնական օգտագործման ապրանքները ՀՀ տարածք է տեղափոխել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի իմաստով ՀՀ մշտական բնակության ժամանման  օրվանից  ոչ ուշ քան 18 ամսվա ընթացքում;
  5. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն կարող է հանդիսանալ որպես ՀՀ ներմուծված ապրանքների հայտարարատու3;
  6. նախկինում տվյալ արտոնության շրջանակներում ապրանքներ և (կամ) ավտոմեքենա ՀՀ կամ ԵԱՏՄ անդամ հանդիսացող այլ պետության տարածք չի ներմուծել։

Անհրաժեշտ է իմանալ, որ սույն արտոնությունը կիրառելի է միայն անձնական օգտագործման գույքի (ապրանքների) նկատմամբ4, դրանք են՝ ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը՝ ոչ պակաս քան վեց ամիս հանդիսանա Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի սեփականությունը և վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան ֆիզիկական անձի՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի իմաստով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրը։

Տեղեկացվում է նաև, որ արտոնությամբ կարող են ներմուծվել ՀՀ կառավարության 12.11.2015թ-ի թիվ 1312-Ն որոշմամբ նախատեսված հետևյալ չափաքանակները չգերազանցող օգտագործված ապրանքները.

  • կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ,
  • օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ,
  • անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա,
  • անձնական գործածության օգտագործված իրեր և այլ տնային օգտագործված գույք՝ առանց քանակային սահմանափակումների:

Վերոնշյալ պայմանների բավարարման դեպքում ՀՀ մշտական բնակության ժամանող անձանց համար նախատեսված արտոնությունից օգտվելու ընթացակարգը հետևյալն է.

ՀՀ ժամանած ֆիզիկական անձը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում դիմում, որով հայտնում է ՀՀ մշտական բնակության ժամանման արտոնությունից օգտվելու իր մտադրության վերաբերյալ, միաժամանակ դիմումում նշելով տեղեկություններ ՀՀ տեղափոխված ապրանքների անվանման, քաշի և քանակի վերաբերյալ և դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տրամադրած՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության իրավունքը հավաստող այլ փաստաթուղթ (օրինակ՝ ՀՀ մշտական կացության քարտը կամ ՀՀ հատուկ անձնագիրը);
  2. մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումն օտարերկրյա պետությունում քաղաքացու մշտական բնակության փաստը հավաստող փաստաթուղթ` օտարերկրյա անձնագրի կամ կացության քարտի պատճենը, կամ օտարերկրյա պետության տրամադրած մշտական բնակության փաստի վերաբերյալ այլ փաստաթուղթ` միջազգային վավերացմամբ (ապոստիլ) կամ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսության վավերացմամբ։ Օրինակ՝ վերջին բնակության երկրի լիազոր մարմնի կողմից տրամադրած անձնագիր, կացության քարտ, օտարերկրյա պետության միգրացիոն ծառայությունների, անձնագիր կամ կացության կարգավիճակ տրամադրող մարմինների կողմից ֆիզիկական անձին տրամադրած՝ մինչև ՀՀ ժամանումը տվյալ օտարերկրյա պետությունում մշտական բնակության հանգամանքը հաստատող և համապատասխան վավերացում ստացած տեղեկանք5;
  3. օտարերկրյա պետության լիազոր մարմնի տրամադրած՝ ավտոմեքենայի և (կամ) կցորդի սեփականության փաստը հավաստող փաստաթղթի պատճենը;
  4. ֆիզիկական անձանց կողմից ապրանքների հայտարարագրման ժամանակ պահանջվող այլ փաստաթղթերը. Օրինակ՝ ապրանքների տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր («CMR», «BILL of LADING», «AIR Waybill»), ապրանքների մասնացուցակներ կամ հաշիվ-ապրանքագրեր, մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթեր6;
  5. Անձնական օգտագործման ավտոմեքենա ներմուծելու դեպքում՝ ավտոմեքենայի հաշվառման (գրանցման) փաստաթուղթը, որով հիմնավորվում է, որ այն նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն վեց ամիս հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով՝ այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է՝ նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը։7

Տեղեկացվում է, որ օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը պետք է ներկայացվեն նոտարական կարգով վավերացմամբ կատարված թարգմանությամբ։8

Ներկայացված փաստաթղթերում անհրաժեշտ է բացառել անձը հաստատող տվյալների անհամապատասխանությունները (օրինակ՝ անվան, ազգանվան այլ գրելաձևեր, ծննդյան վավերապայմանների անհամապատասխանություններ և այլն)։

Սույն տեղեկատվության մշակման իրավական հիմքերն են՝
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ մաս, 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 17-րդ և 46-րդ կետեր, ԵԱՏ հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ-ի թիվ 107 որոշման 1-ին կետի «վ» ենթակետով հաստատված 3-րդ հավելվածի 6-րդ կետ, 
 ԵԱՏՄ օրենսդրությանը չհակասող մասով՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերություն, 249-րդ հոդվածի 11, 13-23-րդ կետեր, ՀՀ կառավարության 03.12.2015թ.-ի թիվ 1461-Ն և 12.11.15թ.-ի թիվ 1312-Ն որոշումներ, «ՀՀ հարկային օրենսգիրք» 04.10.2016թ-ի ՀՕ-165-Ն ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 42-րդ կետ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 18.02.2004թ-ի թիվ ՀՕ-41-Ն ՀՀ օրենք։

  • Հիշատակված իրավական ակտերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` www.arlis.am Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում, և http://www.eurasiancommission.org ԵԱՏ հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում:
  • Մաքսատուրքերից, հարկերից ազատման արտոնություն օտարերկրյա պետությունում 12 ամսից ոչ պակաս բնակված ՀՀ ֆիզիկական անձանց համար

Սույն արտոնությունից կարող է օգտվել օտարերկրյա պետությունում ոչ պակաս քան 12 ամիս բնակված ՀՀ ֆիզիկական անձը (այսինքն ՀՀ-ից օտարերկրյա պետություն մեկնելիս ՀՀ բնակության վայրի հաշվառումը պահպանած անձը), եթե ՀՀ օրենսդրությանը համապատասխան հիմնավորում է նշված ժամանակահատվածում օտարերկրյա պետությունում նրա բնակվելու  փաստը։

Այս արտոնությունից օգտվելու համար, ՀՀ տարածքից դուրս 12 ամսից ավել բնակվող ՀՀ ֆիզիկական անձը այդ փաստը կարող է հիմնավորել իր կողմից  ՀՀ վերադարձին նախորդող ժամանակահատվածում՝ 12 ամսից ոչ պակաս ժամանակահատվածով ՀՀ հյուպատոսական հաշվառման կանգնած լինելու պարագայում։

Տվյալ արտոնության շրջանակներում ՀՀ ֆիզիկական անձը մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ՝ ուղեկցվող9  կամ չուղեկցվող10  ուղեբեռով կարող է ներմուծել 5000 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և դրանց թափքերի)։

Սույն տեղեկատվության մշակման իրավական հիմքերն են՝
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ մաս, ԵԱՏ հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ-ի թիվ 107 որոշման 1-ին կետի «վ» ենթակետով հաստատված 3-րդ հավելվածի 4-րդ կետ,  «Բնակչության պետական ռեգիստրի մասին» 2002թ-ի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն ՀՀ օրենք։

  • Հիշատակված իրավական ակտերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` www.arlis.am Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում, և http://www.eurasiancommission.org ԵԱՏ հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում:

1 «Մշտական բնակության ժամանման օր» հասկացությունը սահմանված է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածում։ Տվյալ դեպքում այդ օրը Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելուց հետո՝ 180 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հասցեի հաշվառվելու օրն է:
2 Տեղեկացվում է, որ ՀՀ և օտարերկրյա պետության փաստաթղթերում անձը հաստատող տեղեկությունները պետք է լինեն նույնական (այսինքն բացառվեն անվան, ազգանվան, հայրանվան գրելաձևի և (կամ) ծննդյան ամիս, ամսաթիվ, տարեթվի տարբերությունները)։
3 Տվյալ դեպքում՝ հայտարարատուն այն անձն է, ով օգտվելու է խնդրո առարկա արտոնությունից։
4 Անձնական օգտագործման ապրանքներ (գույք) չեն կարող դիտարկվել այն ապրանքները, որոնք կապված են  ֆիզիկական անձի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, ինչպես նաև ԵԱՏ հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ-ի թիվ 107 որոշման 6-րդ հավելվածում նշված ապրանքները։
5 Սույն կետի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ հյուպատոսական մարմինների կողմից տրամադրված՝ վերադարձի վկայականները կամ տեղեկանքները չեն կարող դիտարկվել, որպես օտարերկրյա պետության կողմից քաղաքացուն տրամադրած այդ պետությունում նրա մշտական բնակության փաստը  հավաստող փաստաթղթեր։
 6 Տվյալ փաստաթղթերը պետք է հնարավորություն տան հիմնավորել ապրանքները մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անձնական օգտագործման հանդիսանալու հանգամանքը, այսինքն պետք է հիմնավորեն ապրանքները ՀՀ մշտական բնակության ժամանող անձի կողմից, կամ նրա պատվերով (տվյալը՝ արտացոլվում է փաստաթղթի «առաքող» բաժնում) առաքված լինելու հանգամանքը, փաստաթղթի «ստացող» բաժնում պետք է նշված լինի ՀՀ մշտական բնակության ժամանող՝ հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձի անունը։ Փաստաթուղթը պետք է պարունակի տեղեկություններ ապրանքի առաքման երկրի մասին։ Ներկայացված փաստաթղթերը չպետք է կրեն կոմերցիոն բնույթ՝ այսինքն արտացոլեն ապրանքների վաճառքի, կազմակերպությունների կողմից մատակարարված լինելու  վերաբերյալ փաստեր, քանի որ տվյալ դեպքում քաղաքացու համար առաջանալու է՝ ապրանքներն իր անձնական օգտագործմանը հանդիսանալու վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու անհրաժեշտություն։
 7 Տվյալ դեպքում մաքսային մարմիններին կարող են նեկայացվել ավտոմեքենայի հաշվառման փաստը արտացոլող սեփականության հավաստագիրը, տեխնիկական անձնագիրը, եթե տեխնիկական անձնագրերը ֆիզիկական անձի վերջին բնակության երկրում ընդունված կարգի համաձայն (օրինակ՝ ԱՄԷ) վերցվել են ավտոմեքենան արտահանելու հանգամանքով պայմանավորված ՝ կարող են ներկայացվել լիազոր մարմինների կողմից տրամադրված տվյալ անձի անունով ավտոմեքենայի հաշվառման և հաշվառումից հանելու  փաստը հաստատող տեղեկություններ պարունակող տեղեկանքներ, վերջիններս պետք է ունենան ապոստիլ կամ ՀՀ կառավարության 21.03.2011թ-ի թիվ 286-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսության վավերացում.
 8 Թարգմանություն չի պահանջվում ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքն (այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցը) ուղեկցող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի, ապրանքների մասնացուցակների կամ հաշիվ-ապրանքագրերի համար, եթե դրանք լրացված են անգլերեն կամ ռուսերեն լեզուներով։
9 ԵԱՏՄ օրենսգրքի 255-րդ հոդվածի իմաստով՝ ուցեկցվող ուղեբեռ է համարվում  անձնական օգտագործման ապրանքներ՝ ներառյալ ձեռքի ծանրոցը, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով Միության մաքսային տարածք ֆիզիկական անձի փաստացի մուտքի կամ Միության մաքսային տարածքից նրա մեկնման ժամանակ։
10 ԵԱՏՄ օրենսգրքի 255-րդ հոդվածի իմաստով՝ չուղեկցվող ուղեբեռ է համարվում ֆիզիկական անձին պատկանող անձնական օգտագործման ապրանքները, որոնք Միության մաքսային սահմանով փաստացի տեղափոխման համար տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերով հաստատվող միջազգային փոխադրման (տրանսպորտային առաքման) պայմանագրով փոխանցվել են  փոխադրողին՝ կապված Միության մաքսային տարածք այդ ֆիզիկական անձի մուտքի կամ Միության մաքսային տարածքից նրա մեկնման հետ։