ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր

Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ ապրանքները արտահանվում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ապրանքները ներմուծվում են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, բացառությամբ խողովակաշարային տրանսպորտով, էլեկտրահաղորդման գծերով, ջրային կամ օդային ուղիներով տեղափոխվող ապրանքների` համաձայն` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի 5-րդ հավելվածի: «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակումից հետո նշանակման մաքսային մարմնի կողմից չեն իրականացվում նման ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու կամ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ:

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 71-րդ հոդվածի համաձայն՝ որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքները հարկվում են անուղղակի հարկերով։

Պայմանագրի 72-րդ հոդվածի համաձայն՝ Ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով։

Անուղղակի հարկեր չեն գանձվում, երբ անդամ պետության տարածք են ներմուծվում՝

  1. ապրանքներ, որոնք այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածք ներմուծելու դեպքում ենթակա չեն հարկման (ազատվում են հարկումից),
  2. ապրանքներ, որոնք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվում են անդամ պետության տարածք ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով,
  3. ապրանքներ, որոնց ներմուծումը որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք իրականացվում է դրանց՝ մեկ իրավաբանական անձի շրջանակներում փոխանցման հետ կապված (անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի ապրանքների ներմուծման (արտահանման) մասին հարկային մարմիններին ծանուցելու պարտավորություն)։
«Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն.
  1. Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորելու համար արտահանողն ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում միայն հետևյալ փաստաթղթերը`
    1) արտահանողի լրացրած՝ արտահանման հարկային հայտարարագիրը,
    2) ներմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը կամ մեկից ավելի արտահանումների դեպքում՝ հայտարարությունների ցանկը, իսկ եթե ապրանքները ներմուծման պետությունում ձևակերպվում են «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով, ապա հայտարարության (հայտարարությունների ցանկի) փոխարեն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում ներմուծման պետության մաքսային մարմնի վավերացրած մաքսային հայտարարագրի պատճենը, որի համաձայն, ներմուծված ապրանքները ձևակերպվել են «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով:
  2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը`
    1) ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը,
    2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ: